10 նոյեմբերի 2016 թ.                                                                                ԻՎ-ե-115


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-1107-28.10.2016-ՏՀ-010/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11071 -28.10.2016-ՏՀ-010/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11072 -28.10.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Անհրաժեշտ է նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Քանի որ Նախագիծը պարտականություններ է սահմանում իրավաբանական անձի համար, պարտականությունների կատարման կարգ է նախատեսում, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով:

2. Սույն եզրակացության 1-ին կետով նախատեսված առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածին եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, քանի որ այս նախագծերը եւս իրավաբանական անձի համար պարտականություններ եւ պարտականությունների կատարման կարգ են նախատեսում:

3. Նախագծի 1-3-րդ հոդվածներով կատարվող լրացումներն առաջարկում ենք իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածից հետո, որը վերնագրված է «Իրավաբանական անձի գտնվելու վայրը»: Առաջարկվող փոփոխության արդյունքում առավել կընգդծվի ներմուծվող ինստիտուտի կապն իրավաբանական անձի գտնվելու վայրի հետ կապված կարգավորումների հետ: Բացի այդ՝ կապահովվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի իրականացումը, որի համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

4. Նախագծի 1-3-րդ, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-4-րդ հոդվածների «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք հանել: Նույնը վերաբերում է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերին: Նախագծի 4-րդ հոդվածում «հետեւյալ» բառն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով: Սույն կետով նախատեսված առաջարկությունները բխում են Փաթեթն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, քանի որ դրա համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նոր 62.1-ին հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «կամ իրավակարգի» բառերը, քանի որ իրավաբանական անձի նկատմամբ տարածվում է այն պետության իրավակա ր գը, իրավազորությունը, որտեղ այն օրենքով սահմանված կարգով գրանցված է: Նույնը վերաբերում է նաեւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «կամ իրավակարգը» եւ «կամ իրավակարգում» բառերին:

Իրավաբանական անձանց տեղաշարժի իրականացումը տեղի է ունենում երկու եղանակով՝ ձեւական եւ փաստացի: Եթե ձեւական փոփոխման դեպքում ընկերությունն իր կանոնադրական գտնվելու վայրը հիմնադրման վայրից տեղափոխում է այլ երկիր՝ մի պետության իրավաբանական անձանց գրանցամատյանից դուրս գալով եւ այլ պետության համապատասխան գրանցամատյանում գրանցվելու միջոցով, որի հետեւանքով փոխվում է նաեւ իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող իրավունքը, ապա փաստացի տեղաշարժի դեպքում կանոնադրական գտնվելու վայրը մնում է նույնը, եւ այլ երկիր է տեղափոխվում միայն իրավաբանական անձի կառավարման կենտրոնը, հետեւաբար նաեւ իրավաբանական անձի նկատմամբ կիրառման ենթակա իրավունքը եւս մնում է անփոփոխ:

Նախագծի տրամաբանությունից հետեւում է, որխնդիր է դրվել կարգավորելու իրավաբանական անձի ձեւական տեղաշարժի հետ կապված հարցերը, հետեւաբար նման պարագայում գրանցման երկրի փոփոխությամբ, այլ կերպ ասած՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացիայի արդյունքում, չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ կիրականացվի իրավաբանական անձի տեղափոխություն պետության տարածքից՝ առանց իրավակարգի, իրավազորության (jurisdiction) փոփոխության կամ հակառակը: Ուստի իրավիճակի հստակ նկարագրության համար առաջարկում ենք 62.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ կերպ.

«1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրավաբանական անձի տեղաշարժն է մի պետության իրավազորությունից մեկ այլ պետության իրավազորության ներքո, որի հետեւանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը:»:

6. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ 62.1-ին հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենսգրքով նախատեսված» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության կազմակերպաիրավական ձեւ լինել չի կարող:

7. Առաջարկում ենք Նախագծում միասնական եզրութաբանություն ապահովելու նպատակով դրա 1-ին հոդվածով լրացվող՝ 62.1-ին հոդվածի 4-րդ մասի «իրավասու մարմնի» բառակապակցությունը, Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 62.2-րդ հոդվածի 4-րդ մասի «կառավարության լիազոր անձին», Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 7-րդ մասի «կառավարության լիազորված անձին» եւ 9-րդ մասի «օրենքով նախատեսված լիազորված մարմինը» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գրանցող մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով՝ համապատասխանեցնելով ձեւակերպումներն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Սրանով կիրացվի նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

8. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 62.2-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «եւ օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու» բառերը, քանի որ ռեդոմիցիլացիան չի ենթադրում սկզբնական գրանցման վայրի երկրում իրավաբանական անձի լուծարում, այն պարզապես իրավաբանական անձի տեղափոխությունն է այլ երկրի իրավասության ներքո՝ ընթացիկ իրավունքների եւ պարտականությունների ողջ ծավալով: Հետեւաբար իրավաբանական անձի հիմնադրման երկրի իրավասու մարմնի կողմից տրվող՝ իրավաբանական անձի գրացումը դադարեցնելու մասին փաստաթուղթը որպես Հայաստանի Հանրապետությունում վերջինիս ռեդոմիցիլացման հիմք դիտարկելը հակասում է տվյալ ինստիտուտի տրամաբանությանը:

9. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 62.2-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «դեպի» բառը եւ «Հայաստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով, քանի որ ռեդոմիցիլացումը տեղի է ունենում որեւէ երկրում, ոչ թե դեպի այն:

10. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 62.2-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերում, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝62.3-րդ հոդվածի 10-րդ մասում «շարունականության» բառը փոխարինել «շարունակականության» բառով: Նույնը վերաբերում է նաեւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-3-րդ հոդվածներին:

11. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 62.2-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում:

Հասկանալի է, որ այս կարգավորումը Նախագծում տեղ է գտել ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն անհրաժեշտ է նշել, որ նույն նկատառումներով տեղին կլիներ սահմանել նաեւ հակառակը, այսինքն՝ պետությունների ցանկ, որտեղ չի կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը:

12. Առաջարկում են Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ 62.2-րդ հոդվածի 12-րդ մասում Հայաստանի Հանրապետությունից բացի այլ պետությունումռեդոմիցիլացված իրավաբանական անձի ռեդոմիցիլացման երկիր ոչ թե ամեն դեպքում համարել Հայաստանի Հանրապետությունը, այլ կամ այն երկիրը, որտեղ փաստացի գտնվում է նրա մշտական գորրծող մարմինը(ՀՀ քաղ. օր. 59-րդ հոդված), կամ այն երկիրը, որտեղ վերջինն է ռեդոմիցիլացվել իրավաբանական անձը:

13. Առաջարկում են Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 2-րդ մասում «ակտիվները» բառից հետո լրացնել «(ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել)» բառերը՝ առաջակվող կարգավորումը նույնացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կարգավորմանը:

14. Առաջարկում են Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 2-րդ մասում «համայնքի հանդեպ» բառերից հետո լրացնել «բացառությամբ, եթե իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել համայնքի ավագանում որոշմամբ» բառերը՝ կարգավորման միասնականություն ապահովելու նպատակով, քանի որ Նախագծով նման լիազորություն վերապահվել է կառավարությունը:

15. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է ռեդոմիցիլացման մասին որոշում ընդունած կանոնադրությամբ կամ օրենքով դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի պարտականությունների մասին: Իրավաբանական անձի գործունեության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առանձին տեսակների առանձնահատկություններից բխող բացառիկ իրավասությունները իրավաբանական անձի համապատասխան մարմիններին վերապահելու մասին նորմերը տեղ են գտել համապատասխան օրենքներում: Հետեւաբար անհրաժեշտ է Փաթեթի մեջ ներառել նաեւ համապատասխան օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծեր՝ ըստ իրավաբանական անձանց առանձին տեսակների՝ սահմանելով ռեդոմիցիլացիայի մասին որոշում ընդունելու իրավասություն ունեցող իրավաբանական անձի մարմինը՝ այն տրամաբանությամբ, որ նման որոշման ընդունման արդյունքում իրավաբանականա անձի մյուս մասնակիցների կամ բաժնետերերի իրավունքները չխախտվեն: Նման կարգավորման բացակայության պայմաններում առաջանում է օրենսդրական բաց:

16. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանելով իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին որոշման կայացման դեպքում պարտատերերին իրազեկելու ժամկետները՝ նշվում է «առնվազն երեք ամիս առաջ» արտահայտությունը, սակայն հոդվածի ձեւակերպումից չի բխում, թե ինչից երեք ամիս առաջ պետք է տեղեկացնել, անհնար է որոշել՝ որ պահից է սկսվում եռամսյա ժամկետի հաշվարկը: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել ինչպես հոդվածի նշված մասը, այնպես էլ 4-րդ մասում տեղ գտած հետեւյալ «ծանուցման ժամկետի ընթացքում» ձեւակերպումը, քանի որ գործող շարադրանքով այդ ընթացքում պարտատերերին իրավունք է վերապահվում կատարելու գործողություններ, սակայն տրամաբանական է, որ մինչեւ ծանուցվելը նրանք, համապատասխան տեղեկատվությանը չտիրապետելու ուժով, չեն կարող որեւէ գործողություններ կատարել: Առաջարկում ենք «ծանուցման ժամկետի ընթացքում» բառերը փոխարինել «ծանուցումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում» բառերով:

17. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «Եթե պարտավորությունն անվիճելի է կամ հիմնավորված է» բառերը փոխարինել «Եթե պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա» բառերով՝ համապատասխանեցնելով ձեւակերպումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի կարգավորումներին:

18. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող 62.3 հոդվածի 7-րդ մասում ամրագրված ռեդոմիցիլացման դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը համալրել, մասնավորապես՝ «պարտավորությունների բավարարման վարաբերյալ» բառերից հետո լրացնել «կամ իրավաբանական անձիպարտատերերին ռեդոմիցիլացման մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաեւ ռեդոմիցիլացման մասին «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային ծանուցում իրականացնելու մասին» բառերը:

19. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 62.3-րդ հոդվածի 8-րդ մասի «դիմումին չի ներկայացվում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «դիմումին կից չեն ներկայացվում» բառերով:

20. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «11-րդ կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «11-րդ մասով» բառերով:

21. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-3-րդ հոդվածներում պահպանված չեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Նշված պահանջներն իրացնելուց հետո անհրաժեշտություն կառաջանա հիշյալ նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 36.2-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ մասի «ե»-ից «թ» կետերով» բառերը փոխարինել «2-րդ մասի 5-9-րդ կետերով» բառերով:

22. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 36.1-ին հոդվածի 4-րդ մասի «ը» կետում ամրագրված կարգավորման պարագայում բաց են մնում այն տեսակի իրավաբանական անձանց մասնակիցների կամ հիմնադիրների կամ բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման եւ գրանցման կարգը, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների մասով, որոնց վերաբերյալ տեղեկությունները վարվում են ռեեստրի կողմից: Առաջարկում ենք այս մասով եւս նախատեսել համապատասխան կարգավորումներ:

23. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ 36.2-36.3-րդ հոդվածների «ՀՀ» հապավումներն առաջարկում ենք բացել՝ դարձնելով դրանք «Հայաստանի Հանրապետության»: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)