«01» դեկտեմբերի 2016թ.                                                                                                       ԻՎ-ե-127

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գնումների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1112-9.11.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվելՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի միակ մասը համարակալել՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: Նույն առաջարկը վերաբերվում է նաեւ Նախագծի 12-րդ, 53-րդ, 54-րդ եւ 56-րդ հոդվածներին:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի «կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձեւավորված միավորումներ (միություններ)» բառերը փոխարինել «կազմակերպությունների կամ այնպիսի կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձեւավորված միավորումներ (միություններ), որոնցում պետությունը կամ համայնքն ունեն հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս» արտահայտությամբ»: Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ առաջարկվող խմբագրությունից տպավորություն է ստեղծվում, որ պատվիրատու են այն կազմակերպությունները, որոնք ունեն պետության կամ համայնքին պատկանող հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս, ինչն իրավաբանորեն եւ գործնականում հնարավոր չէ: Նշված առաջարկով հստակեցվում է այն միտքը, որը դրվել է քննարկվող արտահայտության տրամաբանության հիմքում:

Նույն առաջարկությունը վերաբերվում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» եւ «է» ենթակետերին:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի «զ» ենթակետում «օդային կամ ջրային» բառերը փոխարինել «օդային, ջրային կամ երկաթուղային» բառերը:

4. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրում «ոլորտը» բառից հետո լրացնել «, սկզբունքները» բառը, քանի որ նշված հոդվածում անդրադարձ է կատարված նաեւ սկզբունքներին: Նշված առաջարկության ընդունմամբ հոդվածի վերնագիրն ամբողջությամբ կարտացոլի հոդվածի բովանդակությունը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մաս):

5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում օգտագործված «այլ անհրաժեշտ տեղեկություններ» արտահայտությունը հստակեցման կարիք ունի: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետին եւ 50-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին: Հստակ չէ, թե ով եւ ինչ չափանիշներով պետք է որոշի այլ տեղեկությունների բնույթը եւ գնահատի դրանց անհրաժեշտությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է «պետական» բառից հետո հանել «կամ» բառը:

6. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «ընտրված մասնակցի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «մասին» բառը, որպեսզի պարզ լինի, որ որոշումը մասնակցի ընտրվելու մասին է, այլ ոչ թե կայացվել է մասնակցի կողմից:

Նույն հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծի 23-րդ, 28-րդ 35-րդ, 36-րդ եւ 48-րդ հոդվածներում «տաս» բառն առաջարկում ենք փոխարինել «տասը» բառով՝ համապատասխանեցնելով Նախագիծն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները::

7. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Եթե գնման գործընթացի շրջանակներում ծագում են մասնակցի կամ նրա ներկայացուցչի կողմից հակաօրինական արարք կատարելու վերաբերյալ կասկածներ, ապա այն ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է դատախազություն»:

Այս փոփոխությամբ նախ՝ կարձանագրենք, որ արարքի հակաօրինական լինելու գնահատականը պետք է տա համապատասխան մարմինը, ուստի նման կասկածների դեպքում է պետք դիմել նրան, երկրորդ՝ ՀՀ օրենսդրությունը չի տալիս իրավապահ մարմինների հասկացությունը, ուստի հստակեցվում է, որ գրավոր պետք է տեղեկացվի դատախազություն:

8. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ բաժնի վերնագրում, ինչպես նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «կարգավորումը» բառը փոխարինել «կազմակերպումը» բառով, քանի որ կարգավորումն իրականացվում է իրավական ակտերի հիման վրա, ոչ թե լիազոր մարմնի կողմից:

9. Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ::

10. Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասում Նախագծի 5-րդ մասի 16-րդ կետին կատարված հղումը սխալ է, քանի որ այնտեղ որեւէ ցուցակի մասին տեղեկություն առկա չէ:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասին:

11. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի ««դ)» եւ «ե)» պարբերություններում» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերում» բառերով:

Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ մասին եւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին:

12. Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի երկրորդ նախադասությունն առաջարկում ենք շարադրել նոր տողից՝ որպես հոդվածի 4-րդ մաս:

13. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է գնանշման հարցման ընթացակարգի հայտերի ներկայացման նվազագույն ժամկետ, սակայն այդ հայտերի ներկայացման առավելագույն ժամկետ սահմանված չէ:

14. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «սույն կետի 2-րդ մասով»բառերը փոխարինել «սույն մասի 2-րդ կետով» բառերով:

15. Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հետո «1)» եւ «2)» թվերն անհրաժեշտ է փոխարինել «ա.» եւ «բ.» տառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների (հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով):

16. Նախագծի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին որոշելու երկու եղանակ, սակայն նշված չէ, թե երբ կամ ում կողմից է ընտրվում այդ եղանակներից որեւէ մեկը: Առաջարկում ենք համապատասխան նորմի միջոցով լրացնել այս բացը՝ սահմանելով, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակցին որոշելու ընտրված եղանակի մասին պետք է տեղեկություններ լինեն հրավերի մեջ, կամ կիրառվող եղանակի մասին հայտնում է գնահատող հանձնաժողովը մինչեւ հայտերի բացումը:

17. Առաջարկում ենք Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «տուժանքի» բառը փոխարինել «տուժանք վճարելու մասին» բառը, իսկ Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասում «չի կարող կնքվել» բառերը փոխարինել «կարող է կնքվել» բառերով:

18. Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է բողոքարկման խորհրդի անդամների քանակը: Ընդ որում, «..մինչեւ երեք անդամից» ձեւակերպումը հակասում է նույն հոդվածի 3-րդ մասի բովանդակությանը, որից ակնհայտ է դառնում, որ այն սահմանում է խորհրդի անդամների որոշակի քանակ, ուստի առաջարկում ենք «մինչեւ» բառը հանել:

19. Նախագծի 50-րդ հոդվածով նախատեսվում է գնումների բողոքարկման խորհորդ դիմելու կարգն ու պայմանները, եւ ի թիվս այլ պահանջների նախատեսվում է պետական բյուջե վճարման ենթակա բողոքարկման վճար: Վճարի չափը սահմանված է Նախագծի 50-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով: Առաջակում ենք փոփոխություններ նախատեսել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում եւ այդ դրույթը Նախագծից տեղափոխել այնտեղ:

20. Առաջարկում ենք Նախագծի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետում «6-րդ մասով»բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով, քանի որ այն 6-րդ մաս չունի:

21. Նախագծի 8-րդ բաժինն անհրաժեշտ է վերանվանել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ», իսկ դրա 57-րդ հոդվածի 1-ին մասի «երեսունօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 37-րդ հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների:

22. Առաջարկում ենք Նախագծի 56-րդ հոդվածի 1-ին մասի «պաշտոնական հրապարակմանը հաջորդող 90-րդ օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը» բառերով, իսկ «պաշտոնականը հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը՝ «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներից:

Նշենք նաեւ, որ նույն հոդվածի 1-ին մասը հղում է անում «սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր»-ին, մինչդեռ Նախագիծը բաղկացած է 57 հոդվածներից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)