«01» դեկտեմբերի 2016թ.                                                                                                     ԻՎ-ե-128

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1116-14.11.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի ամբողջ տեքստում զուգահեռաբար գործածվում են «հավասար» եւ «համահավասար» բառերը, որոնք հոմանիշներ են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, առաջարկում ենք Նախագծում գործածել ավելի տարածված «հավասար» բառը՝ Նախագծի 1-ին, 30-րդ, 35-րդ, 40-42-րդ հոդվածներում «համահավասար» բառը փոխարինելով «հավասար» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-2-րդ մասերի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:»:

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:»:

Նշված դրույթներում անտեսվել է իրավական ակտերի աստիճանակարգությունը, մասնավորապես՝ միջազգային պայմանագրերը թվարկվել են օրենքներից եւ այլ իրավական ակտերից հետո, մինչդեռ պետք է լինեն դրանցից առաջ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հաշմանդամությունը մարմնի կառուցվածքի խախտումներով կամ օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատեւ կամ կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների եւ անհատական գործոնների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երեւույթ) է, որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձը (երեխան) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որպես այդպիսին ճանաչված անձն է, որն ունի մարմնի կառուցվածքի խախտումներով կամ օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատեւ կամ կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակումներ, որոնք անհատական գործոնների եւ միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում խոչընդոտում են մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին նրա լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը:

Առաջարկում ենք հաշմանդամություն ունեցող անձի հասկացությունը «խոչընդոտում են» բառից հետո լրացնել «կամ կարող են խոչընդոտել» բառերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «սույն ենթակետում» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն կետում»բառերով:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ խտրականությունը հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակումն է (այդ թվում նաեւ՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշ ակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով եւ այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ:

Առաջարկում ենք նշված կետից հանել «օրենքով սահմանված» բառերը, որպեսզի խոսքը վերաբերի նաեւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներին:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի «ռասսան» բառն առաջարկում ենք փոխարինել «ռասան» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Նույն հիմնավորմամբ Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասի «տաս» բառն անհրաժեշտ է փոխարինել «տասը» բառով:

7. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում հանդիսանում է իրավասու պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով … բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Ստացվում է, որ օրենսդրությամբ պետական կառավարման մարմնի կարող են վերապահվել գործառույթներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում (առաջին «օրենսդրությամբ» բառը), 20-րդ հոդվածի 2-րդ մասում, 27-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 29-րդ հոդվածի 2-րդ մասում:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 37-րդ հոդվածի 9-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության», իսկ 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ԱԷԿ-ի» հապավումն առաջարկում ենք փոխարինել «ատոմային էլեկտրակայանի» բառերով:

Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

9. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազորած մարմինը համալիր ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը համալիր ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիազորած մարմինը տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը տարեկան ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Ձեւակերպումների միասնականության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության «կառավարություն» բառը փոխարինել «կառավարության հաստատմանը» բառերով, իսկ երրորդ նախադասությունը՝ հանել:

10. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «օրինագծերը» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծերը» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքներին:

11. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով, ինչը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, որում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու հիմքեր սահմանված չեն: Ավելին՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 47-րդ հոդվածներից բխում է, որ վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու հետ կապված հարաբերությունները բացառապես օրենքի կարգավորման առարկան են:

12. Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգով սահմանված ժամկետներում: Այսինքն՝ նշված դրույթների համաձայն՝ վարչական վարույթի իրականացման ժամկետը սահմավում է կառավարության որոշմամբ, ինչը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին, որի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարձ կամ ավելի երկար ժամկետներ: Այսինքն՝ նշված հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրականացման ժամկետ սահմանելը բացառապես օրենքի կարգավորման առարկան է, մինչդեռ Նախագծի հիշյալ դրույթների համաձայն՝ վարչական վարույթի իրականացման ժամկետը սահմավում է կառավարության որոշմամբ:

13. Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այսինքն՝ նշված դրույթների համաձայն՝ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով, ինչը չի համապատասպանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները եւ անգործությունը բողոքարկելու հետ կապված հարաբերությունները: Ավելին՝ նշված օրենքի համաձայն՝ բողոքարկման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ բաժնով: Ստացվում է, որ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկելու, ինչպես նաեւ բողոքարկելու կարգի հետ կապված հարաբերությունները նույնպես օրենքի կարգավորման առարկա են, մինչդեռ Նախագծի նշված դրույթների համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)