«24» նոյեմբերի 2016թ.                                                                                                       ԻՎ-ե-122

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1119-15.11.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «հարցեր» բառն առաջարկում ենք փոխարինել «հարաբերություններ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով:

Անհրաժեշտ է նշել, որ պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանված են նաեւ Սահմանադրությամբ, մասնավորապես՝ դրա 96-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը, իսկ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» (փաստաթղթային կոդ՝ Պ-1108-31.10.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Կանոնակարգ օրենքի նախագիծ) 117-րդ հոդվածով: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով:»:

3. Նախագծի 2-5-րդ հոդվածներով նախատեսված հարաբերությունները կարգավորվում են նաեւ Կանոնակարգ օրենքի նախագծի 3-4-րդ հոդվածներով: Առաջարկում ենք հիշյալ հարաբերությունների կարգավորումը թողնել Նախագծին՝ Կանոնակարգ օրենքի նախագծից հանելով դրա 3-4-րդ հոդվածները:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք համարակալել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասից առաջարկում ենք հանել «համակարգի» բառը՝ օգտագործելով «պետական կառավարման մարմիններ» արտահայտությունը, ինչպես դա արվել է ամբողջ Նախագծում:

6. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին Կանոնակարգով նախատեսված կարգով տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:

Հարկ է նշել, որ Կանոնակարգ օրենքի նախագիծը նման հատուցման կարգ չի նախատեսում:

7. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի նիստերին կամ հրավիրած խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում պատգամավորը պարտավոր է այդ մասին նախապես տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին կամ իր անդամակցած հանձնաժողովի նախագահին:

Նշված դրույթը կրկնում է Կանոնակարգ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթը: Կարծում ենք, որ այն չի հանդիսանում Նախագծի կարգավորման առարկա եւ պետք է լինի Կանոնակարգ օրենքի նախագծում:

8. Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նիստերից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:

Պարզ չէ, թե ինչպես պետք է որոշվի պատգամավորի՝ խորհրդարանական լսումներից բացակայությունների հարգելի կամ անհարգելի համարելու հարցը, քանի որ Կանոնակարգ օրենքի նախագծի 170-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, թե երբ է «քվեարկությունից» պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի: Ուստի, բաց է մնում այն հարցը, թե երբ է լսումներից (որտեղ քվեարկություններ տեղի չեն ունենում) պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի:

9. Նախագծի 12-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ գործող օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

10. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը կամ աշխատանքը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված է, թե որոնք են գիտական, մանկավարժական (ոչ թե կրթական) եւ ստեղծագործական աշխատանքները: Ուստի, առաջանում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում եւս համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)