«25» նոյեմբերի 2016թ. ԻՎ-ե-124
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1120-15.11.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ 8-րդ հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով: Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում, 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 5-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 2-րդ մասում, 9-10-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով, իսկ 8-րդ հոդվածի 1-ին մասում՝ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հանել:
Սույն կետում նշված առաջարկությունները բխում են Նախագիծն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-3-րդ մասերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
2. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «անձին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կալանավորված անձին» բառերը: Այդ լրացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կսահմանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, այլեւ կալանավորված անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու եւ նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը:
Առաջարկում ենք համանման լրացում կատարել նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասի երկու պարբերություններում:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)