«15» դեկտեմբերի 2016թ. ԻՎ-ե-132
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1121-16.11.2016-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-11211 -16.11.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք, որ Փաթեթին կից ներկայացված չէ փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «2014 թվականի դեկտեմբերի 12-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 17-ի» բառերով՝ ճիշտ նշելու համար օրենքի լրիվ անվանումը:
Նույն հոդվածում նշված «(այսուհետ օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ տվյալ նախագիծը ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին այլեւս հղում չի պարունակում:
2. Նույն նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:
3. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվաի «4-ին ընդունված» բառերն անհրաժեշտ է փոխարինել «4-ի» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը: Նույն հոդվածում նշված «Անցումային մասի» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝Հայաստանի Հանրապետության օրենքների մասերին հղում կատարելիս նշվում են ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի համարը:
4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)