«01» դեկտեմբերի 2016թ. ԻՎ-ե-129
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1125-30.11.2016-ՏՏ-010/0), ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11251 -30.11.2016-ՏՏ-010/0) եւ ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11252 -30.11.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետում մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլատրման համար սահմանված է տասնհինգ հազար դրամ տեղական տուրք, մինչդեռ կարգավորված չէ, թե որքան է կազմում տեղական տուրքը, երբ տան մակերեսը 301 եւ ավելի քառակուսի կիլոմետր է:
2. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետում նույն՝ հիսուն հազար դրամ պետական տուրքն է սահմանված եւ 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր, եւ 1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլատրման համար:
3. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «դրույքաչափի» բառն առաջարկում ենք փոխարինել «դրույքաչափից» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:
Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում եւ 18-րդ կետի «դ» ենթակետում «տաս» բառը փոխարինել «տասը» բառով:
4. Նախագծի 7-րդ գլխի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ:
5. ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «տուրք» բառը եւ դրա հոլովաձեւերն են փոխարինման ենթակա «վճար» բառով եւ դրա հոլովաձեւերով :
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)