«13» հունվարի 2017թ.                                                                                                       ԻՎ-ե-2

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1137-21.12.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք դրա 1-ին հոդվածի 1-ին մասից, 2-րդ հոդվածի 2-րդ մասից, 4-5-րդ հոդվածներից հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում լրացնել այն դեպքերը, որոնք չեն կարող հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք հանդիսանալ:

Թեեւ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ դեպքերի լրացման անհրաժեշտությունը բխում է պրակտիկայում դրանց բացակայության պարագայում երբեմն այդ հիմքերով մերժումներից, կարծում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը հստակ եւ սպառիչ կերպով թվարկում է հավաստագրի տրամադրման մերժման դեպքերը: Դրանցից զատ՝ չի կարող լինել հավաստագրի տրամադրման մերժման որեւէ հիմք, ներառյալ՝ լրացմամբ նշվածները:

3. Նախագծի 9-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)