«06» մարտի 2017թ.                                                                                                                 ԻՎ-ե-24

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-1165-07.02.2017-ՊԻ-010/0), ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11651 -07.02.2017-ՊԻ-010/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11652 -07.02.2017-ՊԻ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11653 -07.02.2017-ՊԻ-010/0), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11654 -07.02.2017-ՊԻ-010/0), ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11655 -07.02.2017-ՊԻ-010/0), «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11656 -07.02.2017-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11657 -07.02.2017-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր:

Նշենք, որ նման կարգ գործում է ՀՀ ԱԺ պատգամավորների՝ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու համար: Առաջարկում ենք կամ ամրագրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է այդ նույն կարգով, կամ Նախագծի 87-րդ հոդվածում նշել, թե երբ է կրթության եւ գիտության նախարարությունն ընդունելու նշված կարգը:

2. Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թարգմանիչների վարձատրության կարգը եւ չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարութան որոշմամբ:

Առաջարկում ենք Նախագծի 87-րդ հոդվածում նշել, թե երբ է կառավարությունն ընդունելու նշված կարգը:

3. Նախագծի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը ներկայացվում է թղթային եղանակով, իսկ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների դեպքում կարող է ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Առաջարկում ենք հաստակեցնել, թե ինչպես է որոշվում այդ տեխնիկական հնարավորության առկայությունը:

4. Նախագծի 34-րդ հոդվածի 2-րդ մասում, 62-րդ հոդվածի 8-րդ մասում, 65-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 67-րդ հոդվածի 1-ին մասում խոսք է գնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջի մասին: Առաջարկում ենք 34-րդ հոդվածի 2-րդ մասում նշել կայքէջի հասցեն:

5. Նախագծի 64-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «8-րդ մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «9-րդ մասի» բառերով՝ ճշգրտելու համապատասխան հղումը: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 68-րդ հոդվածի 13-րդ մասում («8-րդ մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «9-րդ մասի» բառերով), 76-րդ հոդվածի 11-րդ մասում («14-րդ մասով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «15-րդ մասով» բառերով) եւ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ կետի «բ» ենթակետում («3-րդ մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասի» բառերով): Նախագծի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծի 68-րդ հոդվածում 21-րդ մաս չկա:

6. Նախագծի 66-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «իրավական ակտերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի» բառերով, իսկ երկրորդ նախադասության «իրավական ակտն» բառերը՝ «օրենքն» բառով:

7. Նախագծի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումն ուղարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին եւ պաշտոնատար անձանց: Առաջարկում ենք հստակեցնել, թե որոնք են այդ մարմինները եւ պաշտոնատար անձինք, եւ ինչ ժամկետում է տարեկան հաղորդումն ուղարկվում նրանց:

8. Նախագծի 68-րդ հոդվածի 5-րդ մասի «ներգրավվում» բառն առաջարկում ենք փոխարինել «ներգրավվում է» բառերով:

9. Նախագծի 87-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Առաջարկում ենք նաեւ այս հոդվածը ներառել համանուն 12-րդ գլխում:

10. ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

11. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 9-րդ հոդվածի 3-րդ մասում խոսք է գնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին: Նշված տեղերում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառը, որպեսզի հստակորեն նշվի, որ այդ օրենքը սահմանադրական օրենք է: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4262 -րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածին, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածին եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին: Ուստի, առաջարկում ենք Փաթեթը լրացնել թվարկված վերջին 5 օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերով:

12. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին: Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ, 4-5-րդ հոդվածներում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով:

13. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «փոփոխություններ» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ տվյալ նախագծով առաջարկվում է միայն մեկ փոփոխություն:

14. «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի սկզբում առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ օրենսգրքի վերնագիրը: Բացի այդ՝ նույն նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում:

15. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «1-ին կետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը» բառերով, իսկ «4-րդ կետով» բառերը՝ «5-րդ կետով» բառերով:

16. Անհրաժեշտ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի կարգավորումները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասին եւ Նախագծի 73-րդ հոդվածին, ուստի առաջարկում ենք Փաթեթը լրացնել նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով:

17. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ,» բառերն անհրաժեշտ է հանել, իսկ 3-րդ մասի 2-րդ կետը՝ ուժը կորցրած ճանաչել: Ուստի, անհրաժեշտ է Փաթեթը լրացնել համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)