«16» փետրվարի 2017թ. ԻՎ-ե-17
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1167-13.02.2017-ՊԻ-010/0 ), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11671 -13.02.2017-ՊԻ-010/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11672 -13.02.2017-ՊԻ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ 2-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում, 2-րդ հոդվածի 4-րդ մասում, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
3. «Հայաստանի Հանապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք հստակեցնել, որ խոսքը գնում է առաջին «դատապարտյալի» բառի մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «դատապարտյալի» բառն օգտագործվում է երկու անգամ:
4. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 431.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի կողմից քննվում է պատիժն ի կատար ածող մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ: Այս կարգավորումն առաջացնում է Հայաստանի Հանապետության քրեակատարողական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարելու անհրաժեշտություն, քանի որ վերջինիս համաձայն՝ դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով միայն տարածքային մարմինն է միջնորդություն ներկայացնում դատարան: Անհրաժեշտ է սահմանել, որ նաեւ դատապարտյալի միջնորդությամբ կարող է դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը փոխարինվել հանրային աշխատանքներով:
5. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 431.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը կրում է դատապարտյալը: Առաջարկում ենք այս մասում սահմանել նաեւ, թե ով է կրում տուգանքը վճարելուց խուսափելու չարամիտ լինելն ապացուցելու բեռը, քանի որ 431.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության, ինչպես նաեւ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)