«22» փետրվարի 2017թ.                                                                                                     ԻՎ-ե-22

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1169-15.02.2017-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածից եւ 4-րդ հոդվածի 3-րդ մասից առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 3-րդ հոդվածում եւ 4-րդ հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

3. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ հստակ մատնանշված չեն այն դրույթները, որոնց կրկնություն են հանդիսանում Նախագծով ուժը կորցնող հոդվածները: Ընդհանուր առմամբ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները սահմանում են այն կարգավորումները, որոնց հիման վրա հատուկ մասով յուրաքանչյուր պայմանագրի կարող է ստանալ առավել մանրակրկիտ կարգավորում: Կարծում ենք՝ զուտ ընդհանուր դրույթներում ընդհանրական կարգավորումների առկայությունը բավարար հիմք չէ հավատարմագրային կառավարման պայմանագիրը կարգավորող մի շարք հոդվածների, մասնավորապես՝ 964-րդ եւ 965-րդ հոդվածների մասով, որոնք վերաբերում են համապատասխանաբար հավատարմագրային կառավարչի պատասխանատվությանը եւ վարձատրությանը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)