«06» մարտի 2017թ.                                                                                                                   ԻՎ-ե-25

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1176-22.02.2017-ԱՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք, որ Նախագծին կից ներկայացված չէ oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի իրավակարգավորման առարկայի կապակցությամբ ցանկանում ենք անդրադառնալ այն հարցին, թե որքանով է որոշակի իրադարձությունների դատապարտումը հանդիսանում օրենսդրական կարգավորման առարկա: Ինչպես գիտենք, օրենքն ընդունվում է հասարակական հարաբերությունների կարգավորման նպատակով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները»: Օրենքը՝ որպես նորմատիվ իրավական ակտ, պարունակում է իրավական նորմեր, որոնք ունեն ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված են մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար եւ պարտադիր են անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար: Իսկ իրավական նորմն իրենից ներկայացնում է վարքագծի կանոն: Այսինքն՝ օրենքը բովանդակում է վարքագծի կանոններ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառության համար: Մինչդեռ Նախագծով նախատեսված՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտմամբ եւ դրանք չճանաչելով պետությունը գնահատական է տալիս պատմական որոշակի փաստերի եւ արտահայտում իր դիրքորոշումը այդ կապակցությամբ: Այս առումով որոշակի իրադարձությունների ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ ակտը՝ որոշումը, բանաձեւը կամ հայտարարությունը, չի բովանդակում վարքագծի կանոններ եւ չի կարող կիրառության առարկա դառնալ: ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի շրջանակներում Ազգային ժողովը՝ որպես ներկայացուցչական մարմին, նշված փաստերի կապակցությամբ կարող է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել հայտարարության ընդունման միջոցով: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ»: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1-ին հոդվածի համաձայն՝ «Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է»: Կարծում ենք՝ Ազգային ժողովն իրավասու է նշված փաստերի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում՝ համապատասխան հայտարարություն ընդունելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)