«25» մայիսի 2017թ.                                                                                                                                 ԻՎ-ե-48

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5-24.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կարգավորման ազդեցության գնահատման ենթակա են կարգավորիչ նորմեր պարունակող ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ազգային, ոլորտային եւ տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը եւ գործող ՀՀ օրենքները եւ կառավարության որոշումները, որոնք սահմանում են կարգավորիչ նորմեր եւ էականորեն փոփոխում են վարչարարական բեռը: Այսինքն՝ հիշյալ դրույթների համաձայն՝ կառավարության որոշումներով, ազգային, ոլորտային եւ տարածքային զարգացման ծրագրերի նախագծերով սահմանվելու են վարքագծի կանոններ, որոնցով սահմանվելու են նաեւ պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ: Այդ առումով նշված դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքի պահանջներին, որի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Օրենքի 27.1-րդ հոդվածի 1-ին, 5-7-րդ, 9-11-րդ եւ 13-15-րդ մասերում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընունելով Օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասը, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

3. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Օրենքի 27.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորումը կարգավորող մարմնի միջամտությունն է շուկայի կամ քաղաքացիների գործունեությանը վարվելակերպի պարտադիր կանոններ սահմանելու միջոցով: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտով սահմանվում են, ոչ թե վարվելակերպի պարտադիր կանոններ, այլ վարքագծի կանոններ՝ պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ: Ուստի անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Օրենքի 27.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված «վարվելակերպի պարտադիր կանոններ» բառերը փոխարինել «վարքագծի կանոններ» բառերով:

4. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Օրենքի 27.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝կարգավորման ազդեցության գնահատման ենթակա են կարգավորիչ նորմեր պարունակող ՀՀ օրենքների, կառավարության որոշումների, ազգային, ոլորտային եւ տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը եւ գործող ՀՀ օրենքները եւ կառավարության որոշումները, որոնք սահմանում են կարգավորիչ նորմեր եւ էականորեն փոփոխում են վարչարարական բեռը: Այդ առումով անորոշ է, թե ինչ կարգավորիչ նորմերի մասին է խոսքը, եւ նշված նորմերն ինչ հարաբերություններ են կարգավորում: Եթե խոսքը պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ սահմանելու մասին է, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ օրենքները, կառավարության որոշումները կամ այլ իրավական ակտերն ուղղված են իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը: Այսինքն՝ նշված իրավական ակտերով արդեն իսկ սահմանվում են վարքագծի կանոններ, որոնցով նաեւ կարգավորում են կոնկրետ հարաբերություններ, ուստի«կարգավորիչ նորմեր պարունակող» բառերն ավելորդ են եւ դրանք անհրաժեշտ է հանել:

Միաժամանակ եթե Նախագծի հիշյալ մասում խոսքը վարքագծի կանոնների սահմանման մասին չէ, ապա անհրաժեշտ է սահմանել «կարգավորիչ նորմեր» հասկացության իրավական բովանդակությունը:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Օրենքի 27.1-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «կարգավորիչ նորմեր» հասկացությանը:

Ինչ վերաբերում է Նախագծի հիշյալ մասում նշված «էականորեն փոփոխում են վարչարարական բեռը» արտահայտությանը, ապա անորոշ է, թե ինչ չափանիշներով է որոշվելու վարչարարական բեռի էականաորեն կամ ոչ էականորեն փոփոխվելու հանգամանքը:

5. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Օրենքի 27.1-րդ հոդվածի 7-րդ մասում անորոշ է «տեխնիկական բնույթի փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող» արտահայտության իրավական բովանդակությունը: Այդ առումով, եթե խոսքը վերաբերում է օրենքների կամ կառավարության որոշումների՝ Օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցնելուն, ապա հիշյալ մասում նշված «տեխնիկական բնույթի փոփոխություններ կամ լրացումներ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենսդրական տեխնիկայի կանոններին վերաբերող փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5-24.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)