«21» հունիսի 2017թ.                                                                                                                                     ԻՎ-ե-55

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11-31.05.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-111 -31.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «ՀՕ-239» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:

2. Նույն հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագիծը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով:

4. Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր գլխով՝ «Հարեւանային իրավունք» վերտառությամբ, սակայն Նախագծն այդպես էլ չի տալիս հարեւանային իրավունքի սահմանումը, չեն սահմանվում այն հասարակական հարաբերությունները, որոնք կազմում են տվյալ իրավունքի կարգավորման առարկան, փոխարենը նշվում է միայն, թե որ հողամասները կամ ցանկացած այլ անշարժ գույքն են համարվում հարեւանային: Առաջարկում ենք օրենսդրական կարգավորման որոշակիությունն ապահովելու եւ նպատակային ուղղվածությունն ընդգծելու համար ամրագրել նաեւ «հարեւանային իրավունք» հասկացության սահմանումը:

5. Նախագծով լրացվող՝ Օրենսգրքի 225.5-րդ հոդվածի 1-ին մասի «չեն կարող» բառերն առաջարկում ենք փոխարինել «չի կարող» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

6. Նախագծով լրացվող՝ Օրենսգրքի 225.9-րդ հոդվածում խոսք է գնում բաժանագծի, իսկ 225.11-րդ հոդվածում՝ պատի կամ այլ բաժանիչի մասին: Անհրաժեշտ է հստակեցնել, թե այս հասկացություններն ինչով են տարբերվում միմյանցից:

7. Նախագծով լրացվող՝ Օրենսգրքի 225.11-րդ հոդվածի 3-րդ մասի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության», քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

8. Նույն հոդվածի 4-րդ մասի կետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

9. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ դարձնելով այն «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ»:

10. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «պատ կամ այլ բաժանիչ շինություն» բառերն առաջարկում ենք փոխարինել «պատի կամ այլ բաժանիչ շինության» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11-31.05.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-111 -31.05.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)