«06» հունիսի 2017թ.                                                                                                                            ԻՎ-ե-50

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-18-5.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ճյուղային եւ այլ օրենքներով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «այլ օրենքներով» բառով, իսկ Նախագծի 5-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ճյուղային» բառն անհրաժեշտ է հանել, քանի որ անորոշ է, թե ինչ ճյուղային օրենքների մասին է խոսքը, եթե «այլ օրենքներով» եզրույթն իր մեջ ներառում է նաեւ համապատասխան ոլորտը կարգավորող օրենքները:

3. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսվում են դրույթներ, որոնք վերաբերում են Հանձնաժողովի անդամ նշանակվելու սահմանափակումներին: Այդ առումով հիշյալ մասում նշված է միայն երեք հիմք, որոնց պարագայում անձը չի կարող նշանակվել Հանձնաժողովի անդամ, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, բացի Նախագծի նշված հոդվածում սահմանված հիմքերից, նախատեսում է այլ հիմքեր, երբ անձը չի կարող ընդունվել հանրային ծառայության պաշտոնի: Ուստի անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասը համապատասխանեցնել (այդ թվում՝ նաեւ ձեւակերպումների մասով) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-18-5.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)