«30» հունիսի 2017թ.                                                                                                                                    ԻՎ-ե-60

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-21-16.06.2017-ՏՀ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-211 -16.06.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-212 -16.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճարտարապետական գործունեության մասին» , ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախաբանի առաջին նախադասությունը չի վերաբերում օրենքի ընդունման նպատակներին, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները»: Այդ առումով անհրաժեշտ է Նախագծի նախաբանի առաջին նախադասությունը հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «իրավահարաբերությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «հարաբերությունները» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ հոդվածի 6-րդ մասի 12-րդ կետում, 12-րդ հոդվածի 3-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 5-րդ մասում, 20-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 4-րդ մասի 1-ին կետում, ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` պալատի խորհրդի անդամների կազմից: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պալատի նախագահի տեղակալը փոխարինում է Ճարտարապետների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:

Առաջարկում ենք 6-րդ մասում ամրագրել, որ երկու կամ ավելի տեղակալներ ունենալու դեպքում պալատի նախագահն ինքն է յուրաքանչյուր անգամ որոշում, թե կոնկրետ որ տեղակալը պետք է իրեն փոխարինի:

5. Նախագծի 16-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

6. Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասը «ձեւ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ունեցող կազմակերպություն» բառերով:

7. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը կամավոր է, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի»: Առաջարկում ենք «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, քանի որ պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցության պարտադիր դեպք նախատեսում է Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ, ոչ թե 5-րդ մասը:

8. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը դադարեցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե լրացել է արտոնագրի գործողության վերականգնման` սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը եւ վերականգնման դիմում չի ներկայացվել»: Առաջարկում ենք «4-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով, քանի որ արտոնագրի գործողության վերականգնման ժամկետը նախատեսված է Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ, ոչ թե 4-րդ մասով:

9. Նախագծի 6-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»՝ համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

10. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

11. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Ճարտարապետական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-21-16.06.2017-ՏՀ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-211 -16.06.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-212 -16.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Ճարտարապետական գործունեության մասին» , ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)