«21» հուլիսի 2017թ. ԻՎ-ե-75
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-39-26.06.2017-ՖՎ-011/0), ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-391 -26.06.2017-ՖՎ-011/0), ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-392 -26.06.2017-ՖՎ-011/0), ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-393 -26.06.2017-ՖՎ-011/0) եւ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-394 -26.06.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի առաջին նախադասությունները բովանդակային առումով սահմանում են նույն կարգավորումը: Կրկնաբանությունից խուսափելու նպատակով առաջարկում են 3-րդ հոդվածի առաջին նախադասությունը հանել:
2. Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերջում «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով, քանի որ «եւ» շաղկապի առկայությունը ենթադրում է դրանով կապված բոլոր պայմանների միաժամանակյա առկայություն՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջների:
3. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսից»: Կարծում ենք՝ նման ձեւակերպումը, մասնավորապես՝ «վեցերորդ ամսից» արտահայտությունը, անորոշ է եւ կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ուստի առաջարկում ենք հստակեցնել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:
4. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենքայդ նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:
5. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «եւ փոփոխություններ» բառերը, քանի որ այն նախատեսում է միայն մեկ լրացում, իսկ այդ նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ այն հետագայում չի կիրառվում, ինչպես նաեւ «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:
6. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:
7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը, քանի որ այդ նախագիծը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-39-26.06.2017-ՖՎ-011/0), ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-391 -26.06.2017-ՖՎ-011/0), ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-392 -26.06.2017-ՖՎ-011/0), ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-393 -26.06.2017-ՖՎ-011/0) եւ«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-394 -26.06.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)