«24» հուլիսի 2017թ.                                                                                                                                           ԻՎ-ե-81

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-44-3.07.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի ամբողջ տեքստում զուգահեռաբար գործածվում են «հավասար» եւ «համահավասար» բառերը, որոնք հոմանիշներ են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, առաջարկում ենք Նախագծում գործածել ավելի տարածված «հավասար» բառը՝ Նախագծի 1-ին, 23-րդ, 28-րդ, 33-34-րդ հոդվածներում «համահավասար» բառը փոխարինելով «հավասար» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-2-րդ մասերի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:»:

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:»:

Նշված դրույթներում անտեսվել է իրավական ակտերի աստիճանակարգությունը, մասնավորապես՝ միջազգային պայմանագրերը թվարկվել են օրենքներից եւ այլ իրավական ակտերից հետո, մինչդեռ պետք է լինեն դրանցից առաջ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ խտրականությունը հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակումն է (այդ թվում նաեւ՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշ ակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը:

Առաջարկում ենք նշված կետից հանել «օրենքով սահմանված» բառերը, որպեսզի խոսքը վերաբերի նաեւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներին:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի «ռասսան» բառն առաջարկում ենք փոխարինել «ռասան» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

5. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «է» ենթակետի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում հանդիսանում է իրավասու պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով … բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Ստացվում է, որ օրենսդրությամբ պետական կառավարման մարմնի կարող են վերապահվել գործառույթներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 20-րդ եւ 27-րդ հոդվածների 2-րդ մասերում:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազորած մարմինը համալիր ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը համալիր ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիազորած մարմինը տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը տարեկան ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Ձեւակերպումների միասնականության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության «կառավարություն» բառը փոխարինել «կառավարության հաստատմանը» բառերով, իսկ երրորդ նախադասությունը՝ հանել:

7. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 30-րդ հոդվածի 9-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»:

Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «օրինագծերը» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծերը» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

9. Նախագծի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-44-3.07.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)