«07» օգոստոսի 2017թ.                                                                                                                               ԻՎ-ե-137

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-55-7.07.2017-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-551 -7.07.2017-ՏՏԳԲ-011/0), ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-552 -7.07.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-553 -7.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածից առաջ անհրաժեշտ է լրացնել «ԳԼՈՒԽ I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերը՝ նկատի ունենալով, որ Նախագիծը բաժանվում է գլուխների: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

2. Նախագծի 1-ին հոդվածի վերնագրից բխում է, որ նշված հոդվածի կարգավորման առարկան օրենքի նպատակներն են, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի բովանդակությունից բխում է, որ հոդվածը վերաբերում է օրենքի կարգավորման առարկային: Այդ առումով Նախագծի 1-ին հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է վերանայել՝ դարձնելով «Սույն օրենքի կարգավորման առարկան»: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

Նույնը վերաբերում է Նախագծի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածների վերնագրերի անհամապատասխանությանը դրանց կարգավորման առարկաներին: Բացի այդ, Նախագծի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածների վերնագրերից հստակ չի երեւում նշված հոդվածներով կարգավորվող հարաբերությունների առարկան, ուստի նշված հոդվածների վերնագրերն վերանայման կարիք ունեն:

3. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «օրենքի պահանջների համաձայն» բառերն անհրաժեշտ է հանել:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված «հոդվածի» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետի» բառով, քանի որ խոսքը պետք է գնա բուծողի իրավահաջորդի մասին, իսկ «կետերում» բառը՝ «ենթակատերում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում անհրաժեշտ է ճիշտ նշել կոնվենցիայի անվանումը, մասնավորապես «Սորտերի» բառն անհրաժեշտ է փոխարինել «տեսակների» բառով: Միաժամանակ նշված կոնվենցիայի անվանումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջներին:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հավասարազոր» բառն անհրաժեշտ է հանել: Նույն հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 2-րդ հոդվածում, քանի որ խոսքը վերաբերում է Նախագծում կիրառվող հասկացությանը, իսկ հասկացությունները սահմանված են Նախագծի 2-րդ հոդվածում:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում անորոշ է, թե բուծողի իրավունքի ինչ չափանիշների մասին է խոսքը, եւ այդ չափանիշներն ինչ իրավական ակտով են հաստատվելու: Միաժամանակ անորոշ է, թե նշված չափանիշներին բավարարելը կամ չբավարարելն ինչ չափանիշներով է որոշվելու:

Նույն մասի 1-ին կետի եւ ենթակետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

8. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «1)» թիվն անհրաժեշտ է փոխարինել «1-ին» թվով:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում մասում հղում է կատարվում Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված չափանիշներին, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են ոչ թե բուծողի իրավունքի տրամադրման չափանիշները, այլ նշված իրավունքի տրամադրման դեպքերը: Հետեւաբար՝ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն հոդվածի 1-ին մասին» կատարված հղումը վերանայման կարիք ունի:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «20-րդ հոդվածի դրույթներին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «20-րդ հոդվածին» բառերով, քանի որ հղումները կատարվում են ոչ թե դրույթներին, այլ կոնկրետ հոդվածին կամ դրա մասին կամ կետին: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն. «Օրենքների մասերին հղում կատարելիս նշվում են ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը , իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի համարը»:

11. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում անորոշ է, թե սորտի տարբերակման հաստակության չափանիշը: Մասնավորապես՝ անորոշ է թե, ինչ չափանիշներով է որոշվելու տարբերակիչ հատկանիշ ունեցող սորտի եւ տարբերակիչ հատկանիշ չունեցող սորտի տարբերվելու հանգամանքը:

Նույն մասի 2-րդ նախադասությունում նշված «Մասնավորապես՝» բառն անհրաժեշտ է հանել:

12. Նախագծի 8-րդ հոդվածը խմբագրման կարիք ունի, քանի որ բովանդակային առումով որեւէ իմաստ չի արտահայտում: Մասնավորապես՝ անորոշ է «Սորտը համարվում է միատարր, եթե այն բավական միատարր է» արտահայտության իմաստային եւ բովանդակային նշանակությունը:

13. Նախագծի 10-րդ հոդվածով կարգավորվում են հայտի ներկայացման հետ կապված հարաբերությունները, մինչդեռ նշված հոդվածում բացակայում են հայտի ներկայացման կարգի, ժամկետներին, հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող դրույթները: Հետեւաբար՝ Նախագծի 10-րդ հոդվածը լրամշակման կարիք ունի:

14. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքների տրամադրումը մերժելու արգելքներին, մինչդեռ նշված հոդվածի վերնագրի համաձայն՝ հոդվածի կարգավորման առարկան հայտի ներկայացման հետ կապված հարաբերություններն են: Այդ առումով Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը անհրաժեշտ է նախատեսել առանձին հոդվածով:

15. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում անորոշ է «պատշաճ կարգով լրացնել» արտահայտության իրավական բովանդակությունը: Միաժամանակ պարզ չէ, թե «հայտը պատշաճ լրացնելու» հանգամանքն ինչ չափանիշներով է որոշվելու:

16. Նախագծի 11-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասը խմբագրման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նույնը վերաբերում է Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված «պահանջներին» բառը, որն անհրաժեշտ է փոխարինել «պայմաններին» բառով՝ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ գլխի վերնագրի պահանջները: Միաժամանակ անորոշ է Նախագծի 2-րդ գլխի վերնագրում եւ հիշյալ մասում նշված «իրավական պահպանության» արտահայտության իրավական բովանդակությունը:

Միաժամանակ նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը եւ 2-րդ մասը վերաբերում են փորձաքննությունների անցկացմանը, մինչդեռ հոդվածի վերնագրից բխում է, որ հոդվածով կարգավորվում են բուծողի իրավունքի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Հետեւաբար՝ Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը եւ 2-րդ մասը նշված հոդվածի կարգավորման առարկան չեն եւ դրանք անհրաժեշտ է նախատեսել առանձին հոդվածով՝ միաժամանակ ամբողջությամբ կարգավորելով փորձաքննության անցկացման հետ կապված հարաբերությունները:

17. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված «1)» եւ «2)» թվերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին» եւ «2-րդ» թվերով:

18. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիցենզիոն պայմանագրով թույլտվությունը տրամադրում է բուծողը, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն թույլտվությունը ամրագրվում է լիցենզիոն պայմանագրով: Հետեւաբար՝ նշված դրույթների միջեւ առկա է հակասություն եւ դրանք խմբագրման կարիք ունեն՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Միաժամանակ եթե խոսքը բուծողին լիցենզիոն պայմանագրի հիման վրա տրամադրվող թույտվության մասին է, ապա անհրաժեշտ է Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «բուծողը» բառը փոխարինել «բուծողին» բառով: Միաժամանակ նշված մասում անորոշ է, թե ինչ որոշակի պահանջների եւ սահմանափակումների մասին է խոսքը, որոնք կիրառվելու են բուծողի նկատմամբ:

19. Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասում «1-4-րդ» թվերն անհրաժեշտ է փոխարինել «1-3-րդ» թվերով, քանի որ նշված մասում խոսքը վերաբերում է Նախագծի 14-րդ հոդվածի 1-3-րդ մասերին:

20. Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է «ըստ էության ստացված սորտ» հասկացությունը, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է միայն «սորտ» հասկացությունը: Այդ առումով, եթե նշված երկու հասկացությունները նույնական են, ապա անհրաժեշտ է Նախագծում կիրառել նույն տերմինը, իսկ եթե նշված երկու հասկացություններն բովանդակային առումով իրարից տարբեր հասկացություններ են, ապա անհրաժեշտ է Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել «ըստ էության ստացված սորտ» հասկացության բովանդակությունը: Հիշյալ առաջարկությունները բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

21. Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «ըստ էության» բառերն անհրաժեշտ է հանել:

22. Նախագծի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածներն անհրաժեշտ է վերանայել «բուծողի իրավունքների» մասով, նկատի ունենալով, որ նշված հոդվածներում խոսքը գնում է բուծողի արտոնագրի տրամադրման, դրա շրջանակների արտոնագրի սահմանափակումների մասին: Մինչդեռ «բուծողի իրավունք» տերմինի կիրառումը հանգեցնում է տարաբնույթ մեկնաբանությունների, չնայած այն հանգամանքին, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն բուծողի իրավունքը նույնացվում է արտոնագրի հետ:Իրավական պրակտիկայի տեսանկյունից «իրավունք» եւ «արտոնագիր» հասկացություններն միմյանցից տարբերվում են ինչպես իրավական, այնպես էլ բովանդակային առումով, ուստի Նախագծով դրանք նույնացնելը տեղին չէ: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Նախագծի 14-րդ հոդվածը վերաբերում է բուծողի բացառիկ իրավունքներին, որտեղ սահմանված են բուծողի վարքագծի կանոնները, իսկ Նախագծի 23-րդ հոդվածը վերաբերում է բուծողի իրավունքների պաշտպանությանը (ոչ թե «արտոնագրի» պաշտպանությանը), մինչդեռ Նախագծի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ եւ 22-րդ հոդվածներում բուծողի իրավունքը արտոնագիրն է, ինչը նույնպես լրացուցիչ տարաբնույթ մեկնաբանությունների եւ կարծիքների տեղիք է տալիս: Ելնելով վերոգրյալից՝ Նախագծի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներն ամբողջությամբ վերանայման եւ լրամշակման կարիք ունեն:

Նույնը վերաբերում է Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասին:

23. Նախագծի 17-րդ հոդվածի միակ մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 23-րդ, 26-րդ եւ 27-րդ հոդվածներին:

24. Նախագծի 17-րդ հոդվածում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

25. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում նշված «կետի» եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասում 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «կետում» բառերն անհրաժեշտ է փոխարինել համապատասխանաբար «մասի» եւ «մասում» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

26. Նախագծի 7-րդ գլխի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել նշված գլխի բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

27. Նախագծի 24-րդ հոդվածի միակ մասի համարակալումը վերանայման կարիք ունի:

28. Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասում նշվածՀՀ կառավարության որոշումների ընդունման ժամկետները՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

29. Նախագծի 26-րդ հոդվածի վերնագրում անհրաժեշտ է լրացնել «Եզրափակիչ մաս» բառերը՝ հիմք ընդունելով Նախագծի 27-րդ հոդվածը եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

30. Նախագծի 27-րդ հոդվածում՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայման կարիք ունի:

Նույնը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածին, ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 10-րդ հոդվածին եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:

31. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

32. Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում նշված «բույսի» բառն անհրաժեշտ է փոխարինել «բույսերի» բառով՝ նկատի ունենալով «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագիրը:

33. ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում փոփոխվող հոդվածների հերթականությունը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը եւ համակարգվածությունը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն. «Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված»:

34. Նույն նախագծի 1-ին հոդվածը խմբագրման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

35. Նույն նախագծի 4-րդ հոդվածում նշված «հետեւյալ» բառն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

36. Նույն նախագծի 7-րդ հոդվածը կրկնում է դրա 1-ին հոդվածը, քանի որ երկու հոդվածներով համապատասխան օրենքի 3-րդ եւ 13-րդ հոդվածներում կատարվում է նույն փոփոխությունը:

37. Նույն նախագծի 10-րդ հոդվածի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ հոդվածի համարակալման հաջորդականությունը:

38.««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «18-րդ» թվից առաջ անհրաժեշտ է լրացնել «Օրենքի» բառը:

39. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

40. Նախագծի 2-րդ հոդվածի աղյուսակի «բ» կետում անորոշ է, թե ինչ «Կոնվենցիայի» մասին է խոսքը, ուստի անհրաժեշտ է նշել նշված կոնվենցիայի անվանումը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Բույսերի սորտերի պահպանության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-55-7.07.2017-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-551 -7.07.2017-ՏՏԳԲ-011/0), ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-552 -7.07.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-553 -7.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)