«07» օգոստոսի 2017թ. ԻՎ-ե-138
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-61-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Հանրային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստաի Հանրապետության օրենք» (փաստաթղթային կոդ՝ Պ-611 -11.07.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի եւ Մուրադ Մուրադյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենք» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով խմբագրվող՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «գործառույթների իրականացմանը» բառերով՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն. «Հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական եւ համայնքային պաշտոնները»: Այսինքն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով պետական ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է: Հետեւաբար՝ պետական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որն ուղղված Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների իրականացմանը, այլ ոչ թե գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը:
2. Նախագծի 3-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «պետական կառավարման ոլորտի» բառերը փոխարինվում են «հանրային ծառայության» բառերով: Հիշյալ փոփոխության համաձայն՝ պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ հանրային ծառայության աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները: Այդ առումով հայտնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական եւ համայնքային պաշտոնները »:Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն. «Համայնքային պաշտոններն են՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ավագանիների անդամների, ինչպես նաեւ համայնքային ծառայության պաշտոնները»: Ստացվում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձինք, եթե զբաղեցրել են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնները եւ ունեն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան աշխատանքային ստաժ, կարող են հավակնել համապատասխան պետական ծառայության պաշտոնների, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի համար նշված է, որ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները պետական ծառայության պաշտոնների անձնագրերը չեն ներառում: Այդ առումով առաջարկվող փոփոխության եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ առկա է հակասություն:
3. Նախագծի 4-րդ հոդվածի «ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ աուդիտորների» բառերը լրացնելու նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի3-րդ մասի համաձայն. «Պետական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը»: Այդ առումով հայտնում ենք, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետական ծառայության գլխավոր պաշտոնների անվանացանկում է, աուդիտորները՝ գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների անվանացանկում: Հետեւաբար՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի3-րդ մասի համաձայն՝ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին նշանակում է աշխատակազմի ղեկավարը:
4. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության օրենք», իսկ 1-ին հոդվածից՝ « Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը՝ ճիշտ նշելով համապատասխան նախագծի վերնագիրը եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրիվ անվանումը:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-61-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Հանրային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստաի Հանրապետության օրենք» (փաստաթղթային կոդ՝ Պ-611 -11.07.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենք» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)