«28» հուլիսի 2017թ.                                                                                                                                       ԻՎ-ե-104

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-70-14.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում, 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով, իսկ 10-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 1-ին մասում եւ 28-րդ հոդվածում՝ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երեւանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Կարծում ենք՝ այս դրույթը արդեն իսկ առկա է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Երեւան քաղաքում (այսուհետ` Երեւան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները : Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

3. Նախագծի 8-րդ, 11-րդ, 14-15-րդ հոդվածներում, 22-րդ հոդվածի 1-ին մասում եւ 24-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդհոդվածների 1-ին մասերից «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով: Նպատակը «պարտադիր լիազորություններ» արտահայտությունը եւ դրա հոլովաձեւերը «սեփական լրազորություններ» արտահայտությամբ եւ դրա հոլովաձեւերով փոխարինելն է: Այս համատեքստում նշված ցանկից պետք է բացառություն կազմի «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «պարտադիր» բառը, քանի որ այս դեպքում խոսքը վերաբերում է պարտադիր նորմերին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-70-14.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)