«28» օգոստոսի 2017թ.                                                                                                                             ԻՎ-ե-147

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատախազության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ -111-10.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազն ունի այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ 176-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա : Հիշյալ սահմանադրական նորմերի համաձայն՝ դատախաի լիազորությունները, այդ թվում՝ նաեւ պարտականությունները, ոչ թե իրավական այլ ակտերի կարգավորման, այլ օրենքի կարգավորման առարկան են: Հետեւաբար, այլ իրավական ակտերով դատախազի համար պարտականություններ սահմանելը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերոնշյալ հոդվածների պահանջներից: Ուստի, Նախագծի48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «եւ այլ իրավական ակտերով» բառերն անհրաժեշտ է հանել:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում անորոշ է, թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացվող հաղորդումը երբ է տեղադրվելու Հայաստանի Հանրապետության դատախազության կայքէջում: Այդ առումով անհրաժեշտ է լրացնել նշված հաղորդման տեղադրման ժամկետներին վերաբերող դրույթներ:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում անորոշ է «կոռուպցիոն բնույթի հանցագործություններ» արտահայտության իրավական բովանդակությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «կոռուպցիոն բնույթի հանցագործություններ», որպես այդպիսիք, առանձին նախատեսված չեն: Այդ առումով անորոշ է, թե որոնք են այն հանցագործությունները, որոնք ունեն կոռուպցիոն բնույթ: Հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-102-Ն օրենքում (օրենքի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից) կիրառվում է «կոռուպցիոն բնույթի դեպք» հասկացությունը: Հետեւաբար, Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ քրեկան օրենսգրքի պահանջներին:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում անորոշ է, թե համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը միջնորդության քննարկման արդյունքների մասին ինչ ժամկետումեն տեղեկացնելու կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «(քվեարկող)» բառն անհրաժեշտ է հանել, քանի որ «ընտրող» բառն իր մեջ ներառում է «քվեարկող» հասկացությունը:

5. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված «Նոր-Նորք» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Նոր Նորք» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

6. Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը, որի համաձայն՝ «Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ»: Հիշյալ առաջարկությունը բխում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ եւ 71-րդ հոդվածների պահանջներից:

7. Նախագծի 13-րդ հոդվածի մասերի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց համարակալման հաջորդականությունը:

8. Նախագծի 23-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ հանձնաժողովների գործունեության, դատախազ անդամների ընտրության կարգը սահմանում է գլխավոր դատախազը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ «Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ , կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը »: Հետեւաբար՝ Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է նախատեսել գլխավոր դատախազի կողմից ընդունվող իրավական ակտի ընդունման ժամկետներին վերաբերող դրույթներ:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 36-րդ հոդվածի 10-րդ մասին, 52-րդ հոդվածի 7-րդ մասին, 56-րդ հոդվածի 6-րդ մասին, 62-րդ հոդվածի 4-րդ մասին, 66-րդ հոդվածի 6-րդ մասին, 68-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 71-րդ հոդվածի 1-ին մասին:

9. Նախագծի 30-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել դատախազի ցուցումներին վերաբերող դրույթներ՝ նկատի ունենալով, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատախազական ակտ է համարվում նաեւ ցուցումը;

10. Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասում նշված «65» թիվը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի նմանությամբ առաջարկում ենք փոխարինել «60» թվով: Հակառակ պարագայում կստացվի, որ 65 տարեկան քաղաքացին կարող է նշանակվել դատախազ, ինչը կհակասի Նախագծի 40-րդ, 41-րդ եւ 62-րդ հոդվածների կարգավորումներին:

11. Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «չի տարածվում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «չեն տարածվում» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

12. Նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «սահմանադրական» բառից առաջ անհրաժեշտ է նշել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 43-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

13. Նախագծի 36-րդ հոդվածի 5-րդ եւ 9-րդ մասերում նշված «յոթ օրյա» բառերն անհրաժեշտ է փոխարինել «յոթնօրյա» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

14. Նախագծի 37-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետում հղում է կատարվում Նախագծի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, մինչդեռ Նախագծի 62-րդ հոդվածի 2-րդ մասում 2-րդ կետ առկա չէ: Այդ առումով 62-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին կատարված հղումը վերանայման կարիք ունի:

15. Նախագծի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված «եթե» բառն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագծի 40-րդ հոդվածի 1-ին մասում «եթե» բառն արդեն իսկ նշված է:

16. Նախագծի 46-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետում նշված «կասեցվել է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կասեցվել են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

17. Նախագծի 50-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվում է «դատախազության ծառայողները» տերմինը, մինչդեռ նույն հոդվածի 9-րդ մասում կիրառվում է «դատախազները» տերմինը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

18. Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասում նշված «այսուհետ» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «սույն հոդվածում» բառերը, քանի որ Նախագծի 57-րդ հոդվածում նշված «հարց» հասկացությունը վերաբերում է միայն նշված հոդվածով սահմանված կարգապահական պատասպանատվության ենթարկելու հարցերին, մինչդեռ «հարց» տերմինը կիրառվում է նաեւ Նախագծի այլ հոդվածներում, որոնք չեն առնչվում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերին:

19. Նախագծի 65-րդ հոդվածի 1-ին մասում նշված «իրենց» բառն անհրաժեշտ է փոխարինել «իր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

20. Նախագծի 15-րդ գլխի վերնագրում նշված «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

21. Նախագծի 79-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն» բառով, քանի որ նշված մասում խոսքը գնում է Նախագծի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի մասին:

22. Նախագծի 79-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է նախատեսել դատախազներին շնորհված դասային աստիճանները Նախագծի 45-րդ հոդվածին համապատասխանեցնելու ժամկետներին վերաբերող դրույթներ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Դատախազության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-111-10.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Անհրաժեշտ է մշակել եւ շրջանառության մեջ դնել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող «Դատախազական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Բացի այդ՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ նախատեսել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում եւ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում:

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)