«04» սեպտեմբերի 2017թ.                                                                                                                            ԻՎ-ե-153

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «բառակապակցությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով, իսկ «նախադասությամբ» բառը՝ «բառերով» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Կարծում ենք, որ Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի իններորդ պարբերությամբ նշված «օրենքով նախատեսված դեպքեր» արտահայտությունը ներառում է նաեւ նույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված դեպքերը, ինչպես Նախագծի հեղինակներն իրավացիորեն նշել են հիմնավորման մեջ: Այսինքն՝ պրակտիկայում օրենքի սխալ մեկնաբանությունը տվյալ դեպքում օրենքի անկատարության հետեւանք չէ:

3. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակման պահից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-117-18.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)