«25» սեպտեմբերի 2017թ. ԻՎ-ե-163
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-128-14.09.2017-ԱՀ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ««Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
1. Նախագծի առաջին նախադասության մեջ «սահմանադրական» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ ճիշտ նշելու համար համապատասխան սահմանադրական օրենքի կրճատ անվանումը:
2. Նախագծի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:
3. Նախագծի 1-ին կետում «նախագծի»բառից հետո անհրաժեշտ է լրացնել «քննարկման եւ դրա» բառերը՝ նկատի ունենալով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
4. Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն. «Հանձնաժողովի գործունեության նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը եւ այդ խնդրի վերաբերյալ եզրակացություն կազմելն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնելը», մինչդեռ ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի հայտարարությունների նախագծերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ: Բացի այդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել Ազգային ժողովի հայտարարությունների նախագծերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար: Այդ առումով Նախագծով սահմանված ժամանակավոր հանձնաժողովի նպատակը չի բխում ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակավոր հանձնաժողովի գործունեության բնույթից եւ շրջանակներից: Ուստի, Նախագծի նշված ենթակետը վերանայման կարիք ունի:
5. Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետում անհրաժեշտ է նախատեսել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետներին վերաբերող դրույւթներ՝ նկատի ունենալով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
6. Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված «երկարացվել» բառն անհրաժեշտ է փոխարինել «երկարաձգվել» բառով՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
7. Նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվում են հանձնաժողովի լիազորությունները: Նշված ենթակետի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով սահմանված հանձնաժողովի լիազորությունները վերաբերում են միայն Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի իրավասությանը, մինչդեռ Նախագծի համաձայն՝ Հանձնաժողովը ստեղծվում է «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի հարցով: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի իրավասությունները եւ գործառույթները: Ավելին՝ նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովին վերապահված մյուս լիազորությունները: Հետեւաբար՝ Նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետի 2-րդ եւ 3-րդ պարբերություններն անհրաժեշտ է հանել: Բացի այդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը սպառիչ սահմանում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակը: Այսպես՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները: Մինչդեռ, Նախագծով կարգավորվում են Հանձնաժողովի լիազորությունների, հանձնաժողովի եզրակացությունը քննարկելու եւ ինտերնետային կայքում տեղադրելու, հանձնաժողովի նիստերի անցկացման, հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ ընտրելու, Հանձնաժողովի գործունեության ապահովման, Հանձնաժողովի լիազորությունների ավարտման հետ կապված հարաբերութունները, ինչն արդեն իսկ կարգավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով: Այդ առումով Նախագծի 2-րդ կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ ենթակետերն անհրաժեշտ է հանել:
8. Նախագծի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքովՀանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու պահանջ նախատեսված չէ:
9. Նախագծի 2-րդ կետի 7-րդ ենթակետի վերաբերյալ հայտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
10. Նախագծի 2-րդ կետի 9-րդ ենթակետում՝ «Հանձնաժողովի որոշած պատգամավորը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը» բառերով ՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասիի պահանջները:
11. Նախագծի 2-րդ կետի 10-րդ ենթակետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն՝ Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է նրանց գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:
12. Նախագծի 2-րդ կետի 11-րդ ենթակետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին: Այսպես՝ Նախագծի 2-րդ կետի 11-րդ ենթակետում նշված «գործունեությունը դադարում է» արտահայտության վերաբերյալ հայտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:
Նախագծի նույն ենթակետի պարբերություններով սահմանված հանձնաժողովի լիազորթությունների ավարտման հիմքերը չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագիծն ընդունվելու կամ շրջանառությունից դուրս գալու այլ դեպքում:
13. Նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետի եւ 11-րդ ենթակետի պարբերությունների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
ՏԵՂԵԿԱՆՔ
««Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-128-14.09.2017-ԱՀ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման բացակայության մասին
««Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)