«09» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                                  ԻՎ-ե-165

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պաշտպանության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-130-22.09.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում միակ մասն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «ենթաօրենսդրական նորմատիվ այլ իրավական ակտերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի» բառերով, հակառակ պարագայում կստացվի, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր են:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 10-րդ կետերում, 5-րդ հոդվածի 9-րդ կետում, 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «թ» ենթակետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետում եւ 17-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետում «ռազմաարդյունաբերական» բառն առաջարկում ենք փոխարինել «ռազմարդյունաբերական» բառով:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում տրված ռազմարդյունաբերական համալիրի հասկացությունը որոշակիորեն տարբերվում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հասկացությունից, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «սահմանադրական» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

7. Նախագծի 12-րդ հոդվածի միակ մասն առաջարկում ենք ճիշտ համարակալել:

8. Նախագծի 4-րդ գլուխը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, զինված ուժերի ղեկավարումը եւ կառավարումը, այլ զորքերը, տարածքային պաշտպանությունը», սակայն այդ գլխում բացակայում են տարածքային պաշտպանությանը վերաբերով դրույթներ:

9. Նախագծի 19-րդ հոդվածը բովանդակային առումով կրկնում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, 20-րդը՝ 4-րդ հոդվածը, 21-րդը՝ 5-րդ հոդվածը, 22-րդը՝ 6-րդ հոդվածը, սակայն Նախագծի եզրափակիչ մասում եւ անցումային դրույթներում չկան «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության նշված հոդվածների ուժը կորցնելու մասին դրույթներ:

10. Նախագծի 20-րդ հոդվածի «22-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «21-րդ հոդվածի» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

11. Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «Հայաստանի» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «դատավոր կամ» բառերով, քանի որ դատավորները եւս ազատվում են զորահավաքներից:

12. Նախագծի 7-րդ գլխի եւ 30-րդ հոդվածի վերնագրերը «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՄԱՍ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Պաշտպանության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-130-22.09.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)