«09» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                               ԻՎ-ե-166

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-131-22.09.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնախատեսված դեպքերում քաղաք ացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով: Այսինքն՝ քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելու ցանկացած այլ հիմքով, որը նախատեսված չէ Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, քաղաքացու դիմումի հիման վրա պաշտոնատար անձն իր հայեցողությամբ կարող է քաղաքացուն տարկետում տրամադրել: Փաստորեն, նշված մասի համաձայն՝ պաշտոնատար անձի համար սահմանված են լիազորությունների հայեցողական լայն շրջանակ, այդ թվում` որոշումների ընդունման հիմքերի, դեպքերի եւ պայմանների մասով: Նման պարագայում պաշտոնատար անձին սեփական հայեցողությամբ գործելու անհարկի լայն հնարավորություն է ընձեռնվում: Մասնավորապես՝ առանց օրենքով նախատեսված հիմքերի, դեպք երի՝ պաշտոնատար անձը կարող է որոշում կայացնել տրամադրելու տարկետում կամ չտրամադրելու տարկետումը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Վարչարարության հիմքունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հայեցողական լիազորությունն օր ենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որեւէ մեկը: Այսինքն՝ օրենքով պետք է կանխորոշված լինեն հայեցողության սահմանները, հակառակ պարագայում պաշտոնատար անձն ինքը կորոշի հայեցողության սահմանները (նույն հիմքո վ մեկին տարկետում տրամադրել, իսկ մյուսին չտրամադրել): Մինչդեռ Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չեն հնարավոր լուծումների այլընտրաքային տարբերակներ: Անորոշ է, թե ընտանեկան կոնկրետ ինչ հիմքով է պաշտոնատար անձը տրամադրում տարկետում, եւ ինչ հիմքով մերժում է տարկետում տրամադրելը:

2. Նախագծի 63-րդ հոդվածում առկա են երկու 10-րդ մասեր: Առաջարկում ենք երկրորդ 10-րդ մասը դարձնել 11-րդ մաս՝ ճիշտ կատարելու համար հոդվածի մասերի համարակալումը:

3. Նախագծի 8-րդ բաժինը չունի վերնագիր, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժիններն ունեն վերնագրեր: Առաջարկում ենք բաժինը վերնագրել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»՝ այդպես դարձնելով նաեւ 15-րդ գլխի եւ 73-րդ հոդվածի վերնագիրը՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, որոնց համաձայն՝ իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ:

4. Նույն հոդվածի 4-րդ մասում օգտագործվում է «դատական դպրոց» եզրույթը, մինչդեռ 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարվել է: Առաջարկում ենք «դատական դպրոց» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-131-22.09.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)