«18» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                                ԻՎ-ե-178

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-133-23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-1-Ն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

2. Նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածների «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետով նախատեսված պարտականության չկատարման համար Օրենքի 4-րդ գլխում անհրաժեշտ է նախատեսել պատասխանատվության միջոց, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:

4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7.1-ին հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

5. Նույն հոդվածով ներկայացվող դիմումին լրացուցիչ իրավական կշիռ եւ հավաստիություն հաղորդելու նպատակով առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել այն նոտարական վավերացմամբ ներկայացնելու հարցը:

6. Նույն հոդվածի վերջին նախադասության համաձայն՝ դիմումի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

Առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե տվյալ դրույթը երբ է ուժի մեջ մտնում, եւ լիազոր մարմինն ինչ ժամկետում պետք է սահմանի դիմումի ձեւը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթին, որի մասով անցումային դրույթներում պետք է սահմանել, թե տվյալ դրույթը երբ է ուժի մեջ մտնում, եւ լիազոր մարմինն ինչ ժամկետում է սահմանում Օրենքի 7.1-ին հոդվածով եւ 7.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:

Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից, որոնց համաձայն՝եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են`

1) օրենքի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասը «համաձայն» բառից հետո առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով ՝ » բառերով՝ այնպես, ինչպես դրան նախորդող մասում է:

8. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների արդյունքում «հսկողությունից դուրս են մնում» ինտերնետ շահումով խաղերը եւ խաղասրահներից դուրս գործող խաղային ավտոմատներով իրականացվող շահումով խաղերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)
Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)
Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-133-23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)
Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)
Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)