«09» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                              ԻՎ-ե-168

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-134-23.09.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1341 -23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, որոնց համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

Նույնը վերաբերում է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ ըստ էության նշելով 5 կետեր: Առաջարկում ենք 1-ին կետում թողնել միայն «վտանգավոր թափոնների վերամշակումը»՝ լիցենզավորման ենթակա գործունեության մյուս տեսակները շարադրելով լրացման տեսքով՝ 1.1-1.4-րդ ենթակետերի միջոցով: Սույն առաջարկության ընդունման դեպքում Նախագծի վերնագիրը «փոփոխություն» բառից հետո անհրաժեշտ կլինի լրացնել «եւ լրացում» բառերով:

Սույն կետով նախատեսված առաջարկությունները բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով, եւ 40-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-5-րդ ենթակետերից հանել աղյուսակի 4-րդ սյունակը:

Բանն այն է, որ մինչեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի օրենքի ընդունումը գործում էին լիցենզիայի տեսակները՝ պարզ ընթացակարգով տրվող եւ բարդ ընթացակարգով տրվող: Հիշյալ փոփոխություններով այդ տեսակները վերանում են, ուստի վերանում է նաեւ 4-րդ սյունակի առկայության անհրաժեշտությունը. դրա «Բ» տառը նշանակում է «բարդ», այսինքն՝ լիցենզավորման ենթակա գործունեության համար լիցենզիան մինչեւ փոփոխությունները տրվել է բարդ ընթացակարգով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-134-23.09.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1341 -23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)