«31» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                               ԻՎ-ե-187

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի վերնագրում «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքի» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «Սահմանադրությամբ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներով» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերից հետո անհրաժեշտ է վերջակետերը փոխարինել միջակետերով, իսկ 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում՝ միջակետը՝ վերջակետով: Նույն հոդվածի «Տեխնիկական» բառն անհրաժեշտ է գրել փոքրատառով: Փոքրատառով է անհրաժեշտ գրել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «Ռադիոյի» բառը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն «օրենսդրական ակտ» հասկացության մեջ ներառել է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ սահմանադրական օրենքները եւ ՀՀ օրենքները:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ սահմանադրական օրենքները տարանջատվել են այլ օրենքներից, ուստի հարկավոր է նկատի ունենալ, որ Նախագծի ամբողջ տեքստի այն դրույթները, որտեղ նշվում են միայն «օրենք» կամ «օրենքի» նախագիծ բառերը՝ համապատասխան հովոլաձեւերով, չեն տարածվի սահմանադրական օրենքների կամ դրանց նախագծերի վրա:

5. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք տալ նաեւ «իրավական նորմ» եւ «վարքագծի կանոններ» հասկացությունների սահմանումը:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ծրագրերին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե երբ է ուժի մեջ մտնելու տվյալ դրույթը, եւ ինչ ժամկետում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանելու այդ պահանջները: Հարկ է նկատի ունենալ, որ նմանատիպ դրույթներներ առկա են նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասում, 31-րդ հոդվածի 6-րդ մասում, 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 42-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 54-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում:

7. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ծրագրերում ընդգրկված եւ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ցանկը Ազգային ժողովի հերթական նստաշրջանից առնվազն 10 օր առաջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Առաջարկում ենք նախատեսել նաեւ հնգօրյա ժամկետում այդ ցանկի տեղադրում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք «օրենքով» բառից առաջ լրացնել «սահմանադրական» բառով:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի «ներկայացվում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «ներկայացվում են» բառերով:

10. Նախագծի 8-րդ հոդվածի 8-րդ մասի «տեխնիկական բնույթի փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր» արտահայտությունն առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված արտահայտությանը:

11. Նախագծի 8-րդ հոդվածի 11-րդ մասում «Կառավարության կողմից» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով:

12. Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասի «(այսուհետ՝ եզրակացություն)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծում օգտագործվում է միայն «ազդեցության գնահատման եզրակացություն» բառակապակցությունը: Բացի այդ՝ Նախագծով սահմանված են նաեւ այլ տեսակի եզրակացություններ:

13. Նախագծի 11-րդ հոդվածի 5-6-րդ մասերում անհրաժեշտ է նշել, թե ինչ ժամկետներում են տեղի ունենում համապատասխան գործողությունները՝ համապատասխանաբար հրապարակումը եւ վերադարձնելը:

14. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձաքննության են ենթակա նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ պաշտոնին նշանակման եւ ազատման անհատական ակտերի, որոնք պետք է փորձաքննության ուղարկվեն հիմնավորման հետ միասին:

Այստեղ առկա է հակասություն. մի կողմից՝ պաշտոնին նշանակման եւ ազատման անհատական ակտերը փորձաքննության չեն ենթարկվում, մյուս կողմից՝ դրանք պետք է փորձաքննության ուղարկվեն հիմնավորման հետ միասին:

15. Նախագծի 12-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացնում է նախագիծը ներկայացնողներին:

Առաջարկում ենք նշել, թե ով է տեղեկացնում եւ ինչ ժամկետում:

16. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ եթե օրենքով նախատեսված է, որ որոշ նախագծեր փորձաքննության չեն ենթարկվում, ապա բնական է, որ դրանք կարող են հրապարակվել առանց փորձաքննության:

17. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն՝ փորձաքննության եզրակացության բացակայություն դեպքում օրենսդրական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վերադարձվում է այն ներկայացնող մարմնին:

Առաջարկում ենք, որ որ նախագիծը վերադարձնի ոչ թե Ազգային ժողովը, այլ Ազգային ժողովի նախագահը, քանի որ նա է նախագծերը դնում շրջանառության մեջ:

18. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «անհարկի ձեւակերպումներ,» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ արտահայտությունը կարող է տարընթերցումների տեղիք տալ:

19. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միեւնույն վերնագիրը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի վերնագրերի: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ կրկնի օրենսդրական ակտի վերնագիրը:

Առաջարկում ենք երկրորդ նախադասությունը հանել, քանի որ առաջին նախադասությունից արդեն բխում է օրենսդրական ակտի վերնագիրը ենթաօրենսդրական ակտի կողմից կրկնելու անթույլատրելիությունը:

20. Նախագծի 20-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասության «ակտի» բառն առաջարկում ենք փոխարինել «ակտի հիմնական մասի» բառերով:

21. Նախագծի 21-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է նշել, թե ինչ կետադրական նշաններ են դրվում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կետերից, ենթակետերից, պարբերություններից եւ ենթապարբերություններից հետո: Պարզ չէ, նաեւ, թե ինչպես են կետերը, ենթակետերը եւ պարբերությունները համարակալվում (արաբական թվանշաններով, հայերենի այբուբենի փոքրատառերով եւ այլն):

22. Նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ մասում «Բովանդակությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում բովանդակությամբ» բառերով:

23. Նախագծի 21-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ եւ 12-րդ մասերում, 24-րդ հոդվածի 2-րդ եւ 11-րդ մասերում, 28-րդ հոդվածի 1-ին մասում, 43-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերում ու 5-րդ մասում անհրաժեշտ է անդրադառնալ ենթապարբերություններին:

24. Նախագծի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք «անցումային եւ եզրափակիչ դրույթներում» բառերը փոխարինել «եզրափակիչ մասում եւ անցումային դրույթներում» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-4-րդ կետերին:

25. Նախագծի 24-րդ հոդվածի 14-րդ մասի «տեղական ինքնակառավարման ակտեր» բառերն առաջարկում ենք փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասին:

26. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է «տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր)» բառերը փոխարինել «օրը» բառով: Նույնն անհրաժեշտ է իրականացնել նաեւ 3-4-րդ մասերում, իսկ 5-րդ մասում՝ «տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը» բառերը փոխարինել «օրը» բառով՝ հիմք ընդունելով նույն հոդվածի 1-ին մասի կարգավորումները:

27. Նախագծի 30-րդ հոդվածի 6-րդ մասում «առձեռն» բառն առաջարկում ենք փոխարինել «առձեռն հանձնելու» բառերով, այլապես կստացվի «առձեռն իրազեկել» արտահայտությունը:

28. Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք նշել միասնական կայքի հասցեն՝ www. e-draft.am:

29. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման ֆիզիկական, իրավաբանական, եւ պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Նախագծի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետն արգելում է կատարել անորոշ հղումներ, ուստի առաջարկում ենք 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշել, թե որ իրավական ակտով է սահմանվում ֆիզիկական, իրավաբանական եւ պաշտոնատար անձանց՝ հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերին ծանոթանալու կարգը:

30. Նախագծի 32-րդ հոդվածում առաջարկում ենք ավելացնել նաեւ այն, որ «Գ» տառով սահմանվում է գաղտնի, «ՀԳ» տառերով՝ հույժ գաղտնի, իսկ «ՀԿ» տառերով՝ հատուկ կարեւորության փաստաթղթերի բնույթը:

31. Նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրման կարիք ունի, քանի որ ամբողջովին անհասկանալի է:

32. Առաջարկում ենք Նախագծի 35-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում «գործող» բառը փոխարինել «ծագած» բառով, քանի որ «գործող հարաբերությունների վրա» արտահայտությունը, մեր կարծիքով, տարընթերցումների տեղիք կարող է տալ:

33. Նախագծի 42-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերում ու 54-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «Սահմանադրությամբ սահմանված» բառերը փոխարինել «Սահմանադրությամբ նախատեսված» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

34. Նախագծի 44-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաեւ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում, իսկ այն դեպքում, երբ ակտի փոփոխությունները արդեն ինկորպորացվել են, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում:

Անորոշ հղումից խուսափելու նպատակով առաջարկում ենք «սահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով» բառերով: Բացի այդ՝ նույն մասի «փոփոխությունները» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ լրացումները» բառերը:

35. Նախագծի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերն առաջարկում ենք տեքստից բաժանել ոչ թե փակագծերով, այլ միջակետերով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 21-րդ հոդվածի 7-րդ մասին:

36. Նախագծի 52-րդ հոդվածում առաջարկում ենք անդրադառնալ նաեւ սահմանադրական օրենքի եւ օրենքի հարաբերակցությանը՝ սահմանելով դրանց միջեւ առկա կոլիզիայի դեպքում սահմանադրական օրենքի նորմերի գործելու մասին դրույթ:

37. Նախագծի 52-րդ հոդվածի «կանոնների» բառն առաջարկում ենք փոխարինել «կանոնները» բառով:

38. Նախագծի 54-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «սույն կետում» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն մասում» բառերով:

39. Նախագծի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ հոդվածի պահանջներին՝ նկատի ունենալով, որ Սահմանադրությամբ նախատեսված որոշ մարմիններին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

40. Նախագծի 58-րդ հոդվածի 4-րդ մասի «հրատարակվում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակվում են» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան (հեռ. 011-513-459)
Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)
Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)
Լ. Աբովյան (հեռ. 011-513-485)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) կից անհրաժեշտ է ներկայացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 101-րդ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 200-րդ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 306-րդ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող նախագծեր, քանի որ նշված հոդվածները հղում են կատարում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Ն ախագծի հետ միասին անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետում եւ 68-րդ կետի 5-րդ ենթակետում, քանի որ Նախագծով օրենքի նախագծին կից ներկայացվում է ոչ թե «հիմնավորում», այլ «հիմնավորող բացատրագիր»:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան (հեռ. 011-513-459)
Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)
Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)
Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)
Լ. Աբովյան (հեռ. 011-513-485)