«31» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                        ԻՎ-ե-190

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-155-17.10.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1551 -17.10.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասում եւ 6-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն» բառերը փոխարինել «նոր նախադասությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Նույն հիմքով անհրաժեշտ է հանել նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ հոդվածի եւ 9-րդ հոդվածի 4-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածի 6.1-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-5.1-րդ մասերով, ինչպես նաեւ 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործարքը ենթակա չէ էլեկտրոնային եղանակով վավերացման:

Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեեւ գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք: Այսինքն՝ Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման մերժման հիմք: Եթե այդ գործողությունը նոտարի կողմից չի կարող կատարվել, ուրեմն այդ գործարքը չի կարող վավերացվել նաեւ էլեկտրոնային եղանակով: Հետեւաբար, Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին կատարված հղումն ավելորդ է:

3. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք նշել, թե երբ է ընդունվելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձեւերը սահմանող հրամանը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-155-17.10.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1551 -17.10.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)