ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-173-2.11.2017-ՏՏԳԲ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1731 -2.11.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1732 -02.11.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-3-րդ մասերում, 6-րդ, 10-րդ եւ 12-րդ հոդվածներում, ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով առաջարկվող լրացման «խմբային ջրահեռացման համակարգ» հասկացության սահմանման մեջ օգտագործվում է «սենքեր» բառը: Ա ռաջարկում ենք Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) տալ «սենք» տերմինի սահմանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

5. Նախագծի 4-րդ եւ 8-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 19.1-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասից առաջարկում ենք «5.» թիվը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածում:

7. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 25.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի համաձայն. «1. Ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման՝ ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր»:

Քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նման նորմեր սահմանված չեն, առաջարկում ենք կամ Փաթեթին կցել համապատասխան նախագիծ, որտեղ կսահմանվեն այդ նորմերը, կամ Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում պետք է դրանք ընդունվեն:

8. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր՝ 62.1-րդ հոդվածով, որի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ «... արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից պետք է իրականացվի դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչեւ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նախատեսվող ժամկետը՝ հիմք ընդունելով հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

9. Նախագծի 14-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ», քանի որ այն դրույթներ է պարունակում նաեւ Նախագծի տարբեր դրույթների ուժի մեջ մտնելու մասին:

10. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի «2-6-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «2-7-րդ» բառերով՝ հստակեցնելու համար համապատասխան հղումը:

11. Նույն հոդվածի 2-7-րդ մասերում եւ 8-րդ մասի 5-րդ կետում «օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքի» բառով, որպեսզի հստակեցվի, որ խոսքը վերաբերում է Նախագծի, ոչ թե Օրենսգրքի հոդվածներին:

12. Նույն հոդվածի 5-րդ մասի «5-րդ մասը» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի 5-րդ կետը» բառերով՝ ճշգրտելու համար համապատասխան հղումը:

13. Նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «կեղտաջրերի հեռացման» բառերն առաջարկում ենք փոխարինել «ջրահեռացման» բառով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 62.2-րդ հոդվածի 1-ին մասին:

14. Նույն հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում էվարչական պատասխանատվություն Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում:

Նման կարգավորման դեպքում 2019 թվականի հունվարի 1-ին, երբ, Նախագծի 14-րդ հոդվածի համաձայն, ուժի մեջ մտած կլինեն Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը, 6 ամիս կունենանք ուժի մեջ մտած արգելքներ, որոնց համար պատասխանատվություն նախատեսված չի լինի: Ուստի, առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունների կատարումը կազմակերպել այնպես, որ դրանք եւս ուժի մեջ մտնեն 2019 թվականի հունվարի 1-ին:

15. Նույն հոդվածի 9-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի առկայության պարագայում այդ դրույթի գոյությունն ավելորդ է:

16. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-193 օրենքի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններչկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-173-2.11.2017-ՏՏԳԲ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1731 -2.11.2017-ՏՏԳԲ-011/0) եւ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1732 -02.11.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)