ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-184-16.11.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Նույն հիմքով առաջարկում ենք նաեւ Նախագծի 4-րդ հոդվածից «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 4-րդ հոդվածի վերաբերյալ նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի շրջանակներում պայմանագրով տոկոսի այլ չափ սահմանելու դեպքում ըստ էության գործ ունենք տուժանքի հետ, որի համար Նախագծի 2-րդ հոդվածով առավելագույն չափ է դիտարկվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի ոչ թե կրկնապատիկը, այլ քառապատիկը, այսինքն ՝ Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված առավելագույն շեմերի միջեւ առկա է հակասություն: Նման պայմաններում Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք առավելագույն շեմը վերացնել ՝ հստակ սահմանելով, որ այլ չափի տոկոսն արդեն իսկ տուժանք է, եւ կիրառելի է Նախագծի 2-րդ հոդվածի կարգավորումը:

4. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                             Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-184-16.11.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)