ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-195-28.11.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «141 հոդված հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 141 -ին հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Նույն խնդիրն առկա է նաեւ 2-րդ հոդվածում:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14.1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնք վերաբերում են վարչական մարմնի (պաշտոնատար անձի) պատասխանատվությանը: Մասնավորապես՝ հիշյալ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը ենթակա է պատասխանատվության ոչ իրավաչափ վարչարարությամբ անձին կամ անձանց վնաս պատճառելու համար: Այդ առումով նշված դրույթը բովանդակային առումով վերարտադրում է Օրենսգրքի 14-րդ հոդվածը, որի համաձայն. «Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները եւ մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ»: Միաժամանակ՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի VII բաժնով՝ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ», արդեն իսկ կարգավորում են ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվության, վնասի հատուցման, հասցված վնասի հետեւանքները վերացնելու, վնասի հատուցման պահանջ ներկայացնելու, հետադարձ պահանջներ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ավելին՝ նշված բաժնով կարգավորվում են նաեւ իրավաչափ վարչարարությամբ պատճատված վնասի համար պատասխանատվության հետ կապված հարաբերությունները:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Պաշտպանված չէ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը: Երբ վարչական մարմնի կողմից ընդունվում է ոչ իրավաչափ վարչական ակտ, ակտի հասցեատերը բավարարվում է այն բողոքարկելով եւ ակտի անվավերության փաստը հաստատելով: Սակայն մինչ ակտի ոչ իրավաչափության փաստի հաստատումը եւ նույնիսկ ոչ իրավաչափ ակտի ընդունման փաստով իսկ ակտի հասցեատերը կրում է վնասներ , որոնք ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով»: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածով կարգավորվում է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու հետ կապված հարաբերությունները եւ վարչական ակտն անվավեր ճանաչելու հետեւանքները: Այսպես՝ նշված հոդվածի համաձայն. «Ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից:

Անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետեւանքների: Սակայն եթե մինչեւ ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելը դրա կատարման կամ կիրառման հետեւանքով որեւէ անձի կամ Հայաստանի Հանրապետությանը կամ որեւէ համայնքի վնաս է պատճառվել, ապա դա ենթակա է հատուցման սույն օրենքի VII բաժնի դրույթներին համապատասխան »: Իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի VII բաժնով արդեն իսկ կարգավորում են ոչ իրավաչափ վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվության, վնասի հատուցման, հասցված վնասի հետեւանքները վերացնելու, վնասի հատուցման պահանջ ներկայացնելու, հետադարձ պահանջներ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ նույն հոդվածի 2-րդ մասը, որը հղում է կատարում Օրենսգրքի 532 -րդ հոդվածին, ավելորդ է եւ անհրաժեշտ է հանել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծի նշված հոդվածով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են:

3. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 532 -րդ հոդվածի վերնագրից հետո դրված վերջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի համաձայն վնասի հատուցման հետադարձ պահանջ ներկայացնել ոչ իրավաչափ վարչարարություն իրականացրած մարմնին (պաշտոնատար անձին)» դրույթը կրկնում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պատճառված վնասը, իրավունք ունի հետադարձ պահանջներ ներկայացնելու վարչական մարմնի այն պաշտոնատար անձին, ում գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են ոչ իրավաչափ վարչարարության, եւ որի հետեւանքով վնաս է պատճառվել անձին: Հետեւաբար՝ նշված դրույթն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները: Բացի այդ՝ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի եւ 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-195-28.11.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)