ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ներման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-238-17.01.2018-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2381 -17.01.2018-ՊԻՄԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2382 -17.01.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի 2-րդ մասում գործածվող «Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն» եւ «Պրոբացիայի պետական ծառայություն» անվանումները կիրառելիս անհրաժեշտ է նկատի ունենալ դրանց համապատասխանությունը «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ձեւակերպումներին:
Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» ձեւակերպմանը, որը պետք է համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին:
2. Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը ստեղծվում եւ դրա աշխատակարգը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել թե ինչ ժամկետում է վարչապետն ընդունելու համապատասխան որոշումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները:
3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դատապարտյալի անձը» բառերն առաջարկում ենք փոխարինել «դատապարտյալի անձի բնութագիրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
4. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի «5-րդ եւ 7-րդ մասերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «5-րդ եւ 6-րդ մասերով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:
5. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայվելու դեպքում դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմին:
Առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում են դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի մասին տեղեկացնում Հանրապետության նախագահի աշխատակազմին:
6. Նախագծի 4-րդ գլխի «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
7. Նախագծի 12-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել դրույթ առ այն, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ որեւէ ժամանակահատվածում (օրինակ՝ մեկամսյա), Հանրապետության նախագահի աշխատակազմը ներկայացված, սակայն դեռեւս չքննարկված խնդրագրերն ուղարկում է Արդարադատության նախարարություն:
8. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հուլիս» բառն առաջարկում ենք փոխարինել «հուլիսի» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:
9. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Դանիելյան (հեռ. 011-513-337)
ՏԵՂԵԿԱՆՔ
Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Դանիելյան (հեռ. 011-513-337)