ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-253-05.02.2018-ՖՎ-011/0) եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2531 -05.02.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի վերնագրի «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-3-րդ եւ 5-րդ հոդվածների, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի եւ 2-րդ մասով լրացվող՝ 261 -ին հոդվածի մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ մայնինգը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ չի կարգավորվում:

4. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրի «Եզրափակիչ» բառն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

5. Նախագծերի վերլուծությունից պարզ չէ, թե որն է մայնինգով զբաղվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությն արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում չգրանցվելու իրավական հետեւանքը: Այսինքն, եթե համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չհաշվառվեն նշված պետական մարմնում, արդյոք նրանց նկատմամբ չեն տարածվելու համապատասխան հարկային եւ մաքսային արտոնությունները, եւ նրանք ենթակա են լինելու որեւէ պատասխանատվության, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ։ Եթե դա է նպատակը, ապա համապատասխան լ րացում պետք է կատարվի «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ։ Եթե ոչ, ապա պարզ չէ, թե որն է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի նպատակը ։

6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածից «դրա» բառն առաջարկում ենք հանել:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                                 Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                           Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)