ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշտարարության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-293-4.04.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում որպես հաշտարարի որակավորում տալու մերժման հիմք է նախատեսվում որակավորման հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում պահանջվող տեղեկությունները կամ դրանք հաստատող փաստաթղթերը կրկին թերի ներկայացնելը կամ չներկայացները, սակայն Նախագծում բացահայտված չէ վերոնշյալ մերժման հիմքի հստակ ընթացակարգը, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքից:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-5-րդ հոդվածների մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությունից առաջարկվում է հանել «որոշակի» բառը, քանի որ Նախագծում չի օգտագործվում «որոշակի հաշտարար» եզրույթը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում նշում չկա համաձայնության գրավոր լինելու մասին: Առաջարկվում է այստեղ եւ Նախագծի բոլոր այն դրույթներում, որտեղ խոսվում է կողմերի միջեւ համաձայնության մասին, հստակեցնել, որ խոսքն այդ համաձայնության գրավոր ձեւակերպման մասին է:

4. Առաջարկվում է Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասում «անհատապես» բառի փոխարեն գործածել այլ եզրույթ, որն ավելի հստակ կբացահայտի տվյալ գործունեության էությունը:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օրենքով չարգելված» բառերն առաջարկվում է փոխարինել «օրենքին չհակասող» բառերով, քանի որ ներկայացված ձեւակերպումից բխում է, որ առկա են օրենքով սահմանված մեթոդներ, ինչպիսիք Նախագծում բացակայում են:

6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «գովազդել» բառից հետո առաջարկվում է լրացնել «իր» բառը, որպեսզի հստակեցվի, թե որ ծառայությունների մասին է խոսքը՝ որոշակիացնելով համապատասխան կարգավորումը:

7. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «ժամանակը» բառն առաջարկվում է փոխարինել «տարին, ամիսը, ամսաթիվը» բառով:

8. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասից առաջարկվում է հանել «Արտոնագրված» բառը, քանի որ մինչեւ վերոնշյալ դրույթը Նախագծում կիրառվում է զուտ «հաշտարար» եզրույթը:

9. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դատավճիռն» բառն առաջարկվում է փոխարինել «դատական ակտն» բառերով՝ հաշվի առնելավ այն հանգամանքը, որ մատնանշված դատական ակտը կարող է կայացվել նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերը:

Նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերում:

10. Առաջարկվում է Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետերով՝ որպես արտոնագրված հաշտարարի որակավորում չշնորհելու եւ որակավորումը դադարեցնելու հիմք նախատեսելով տվյալ անձի մոտ ի հայտ եկած Կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված ֆիզիկական արատը կամ հիվանդությունը:

11. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշտարարության որակավորման հանձնաժողովում ընդգրկվում է նախկին դատավոր, սակայն Նախագիծը որեւէ պահանջ կամ արգելք չի սահմանում, թե ինչ հիմքով պետք է դադարեցվի համապատասխան դատավորի լիազորությունները:

Օրինակ՝ արդյոք այն նախկին դատավորը, ում լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով, կարող է լինել որակավորման հանձնաժողովի անդամ, այն պայմաններում, երբ նա չի կարող դառնալ հաշտարար:

12. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «հայտարարվել է» բառերն առաջարկում ենք փոխարինել «ճանաչվել է» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան ձեւակերպումները:

13. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք լրացնել արտոնագրված հաշտարարի որակավորման դադարեցման նոր հիմք՝ արտոնագրված հաշտարարի սնանկ ճանաչվելը:

14. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք հաստակեցնել, թե կապի ինչ միջոցների մասին է խոսքը:

15. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ մշտապես գործող հաշտարարական հաստատությունը պետք է ունենա հրապարակված հաշտարարության կանոններ, սակայն նախատեսված չէ, թե ով կամ որ մարմինն է սահմանելու այդ կանոնները եւ ինչ ժամկետում:

16. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասում «ոչ առեւտրային իրավաբանական անձ» բառերն անհրաժեշտ է փոխարինել«ոչ առեւտրային կազմակերպություն» բառերով՝ ելնելով այն հանգամանքից, որ ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, այնպես էլ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն օգտագործում են բացառապես«ոչ առեւտրային կազմակերպություն» ձեւակերպումը:

17. Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետն անհրաժեշտ է խմբագրել՝ հստակեցնելով, թե ում կողմից է համապատասխան դիմումը ներկայացվելու:

18. Նախագծի 19-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ընդունված կարգերը, կանոնները եւ ուղեցույցները հրապարակվելու կազմակերպության կայքում:

19. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «փոփոխությունների» բառից հետո առաջարկում ենք լրացնել «եւ լրացումների» բառերը:

20. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «դիտորդ խորհրդի» արտահայտությունն առաջարկում ենք խմբագրել, իսկ «հանձնաժողովի բառից հետո լրացնել «անդամների» բառը:

21. Նախագծի 23-րդ հոդվածի «Եզրափակիչ» բառն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը: Առաջարկում ենք նաեւ այդ հոդվածը ներառել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 6-րդ գլխում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

22. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկում ենք վերանայել:

23. Նախագծի 23-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանել, թե երբ է ուժի մեջ մտնելու Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, եւ ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`               Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                                     Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր, որոնց անհրաժեշտությունը բխում է Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասից:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`       Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                             Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)