ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-300-10.04.2018-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3001 -10.04.2018-ՏՏԳԲ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3002 -10.04.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասում ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է վեց ենթախմբի՝ որպես ենթախմբերի տարանջատման չափաիշ ընդունելով հողային ֆոնդի կատեգորիաների դասակարգումը, սակայն դասակարգումն իրականցած է ոչ միասնական ձեւաչափով: Մասնավորապես՝ եթե որոշ դեպքերում դասակարգումն իրականացված է հստակ, օրինակ՝ թփուտապատ տարածքներ են անտառային հողերից՝ անտառները, մի շարք այլ դեպքերում՝ ցամաքային տարածքի ծածկույթի դասկարգման ենթախմբի շրջանակներն անորոշ են, օրինակ՝ ծառածածկ տարածքներն ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը՝ մասնակի, իսկ «մասնակի» եզրույթը ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացելու համապատասխան իրավասություն ունեցող մարմի համար չարաշահումների կամ լիազորության իրականացման անորոշ շրջանակ է ստեղծում, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգման կարգըհաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն Նախագծով կարգավորված չէ, թե որ մարմնի ներկայացմամբ կամ ում կողմից սահմանված կարգն է Հայաստանի Հարապետության կառավարությունը հաստատում, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

2. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «2001 թվականի մայիսի 2-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել «- ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը» բառերով, այն դեպքում, երբ նախ՝ Հայաստանի Հանրապետության հողայի օրենսգրքում բացահայտված չէ եւ չի կիրառվում «ցամաքային տարածք» եզրույթը, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Բացի այդ՝ ինչպես նշվում է Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկանքում, միջազգային փաստաթղթերում միջազգային կազմակերպությունների կողմից «ցամաքային տարածքի ծածկույթ» եզրույթի փոխարեն կիրառվում է «հողային ծածկույթ» եզրույթը, հետեւաբար վերոնշյալ եզրույթի կիրառումն անհրաժեշտ է վերանայել:

4. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-րդ հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն հոդվածի վերնագրի «դասակարգումը» բառից հետո միջակետն առաջարկվում է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

6. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-րդ հոդվածը վերնագրված է «Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը», մինչդեռ դրա 1-ին մասում սահմանվում է «ցամաքային տարածքի ծածկույթ» հասկացությունը: Հետեւաբար՝ առաջարկվում է հոդվածի վերնագիրը «ծածկույթի» բառից հետո լրացնել «հասկացույթունը եւ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

7. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.1-րդ մասը սահմանում է հողագրունտի հասկացությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի վերնագրված է «Հողերի պահպանության նպատակները եւ խնդիրները» վերտառությամբ, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

8. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5. 2-րդ մասի համաձայն՝ հողագրունտի հանույթի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն Նախագծում կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում բացահայտված չէ «հողագրունտի հանույթ» եզրույթը: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ի մասի պահանջները, առաջարկվում է սահմանել «հողագրունտի հանույթ» հասկացությունը:

9. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.3-րդ մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

10. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.3-րդ մասի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

11. Նախագիծն առաջարկում ենք լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե երբ են ուժի մեջ մտնելու Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասը եւ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.3-րդ մասը, եւ ինչ ժամկետում են ընդունվելու դրանցով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`          Գ. Մելոյան (հեռ. 011-513-3910)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`          Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)