ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-301-10.04.2018,27.04.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ դատական դեպարտամենտը կազմված է կենտրոնական մարմնից եւ առանձնացված ստորաբաժանումներից, մինչդեռ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերի համաձայն՝ պետական մարմինն ունի կանոնադրություն, որը ներառում է դրա կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը, ենթակա պետական մարմիները, այսինքն՝ պետական մարմնում առանձնացված ստորաբաժանումը նույնացված է գրասենյակի հետ, բացի այդ՝ կենտրոնական մարմինն այս պարագայում կազմված է լինում դրա բնականոն գործունեությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումերից:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտում հաստիքների քանակը եւ պաշտոնների անվանացանկը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը եւ պաշտոնների անձնագրերը, ինչպես նաեւ սահմանում է Դատական դեպարտամենտի հաստիքների քանակը: Առաջարկվում է Նախագծի ձեւակերպումը համապատասպանեցնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի ձեւակերպմանը:

3. Նախագծի 7-րդ՝ «Դատական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության կառավարումը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտում հաստիքների քանակը եւ պաշտոնների անվանացանկը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում հաստիքների քանակի եւ անվանացանկի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում: Վերոնշյալը ոչ թե դատական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության կառավարում է, այլ Բարձրագույն դատական խորհրդի գործառույթ, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

4. Նախագծի 9-րդ եւ 10-րդ հոդվածներումկիրառվում է «փորձառություն» եզրույթը, իսկ Նախագծի 14-րդ եւ 17-րդհոդվածներում՝ «ստաժ» եզրույթը, հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք 9-րդ եւ 10-րդ հոդվածներում եւս կիրառել «ստաժ» տերմինը:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 30-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում, 32-րդ հոդվածի 2-րդ մասում, 71-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 72-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նախատեսված դատական ակտերը կարող են կայացվել նաեւ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից, ուստի առաջարկում ենք վերանայել «վճիռ» եւ «դատավճիռ» ձեւակերպումները եւ օգտագործել «դատական ակտ» եզրույթը:

6. Առաջարկվում է Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետերով՝ որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կողմից չնշանակվելու հիմք նախատեսելով տվյալ անձի մոտ ի հայտ եկած՝ Կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված ֆիզիկական արատը կամ հիվանդությունը:

7. Առաջարկվում է Նախագծում հստակ սահմանել, թե ում կողմից է նշանակվում Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը: Բացի այդ՝ առաջարկվում է վերանայել առանձնացված ստորաբաժանման ղեկավարի համար Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միաժամանակ իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայության պահանջը:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բարձրագույն խորհրդականի 1-ին եւ 2-րդ դասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի» բառերով:

9. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «շնորհում է» բառերից հետո առաջարկվում է լրացնել «(դասային աստիճանից զրկում է)» բառերով՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը:

10. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է հանել «պաշտոնեական» բառը, քանի որ վերոնշյալ մասից հստակորեն բխում է, որ խոսքը պաշտոնեական իրավունքների եւ պարտականությունների մասին է: Նույն մասի «պահանջները» բառն առաջարկում ենք փոխարինել «առկայությունը նախատեսող պահանջները» բառերով:

11. Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:

12. Նախագծի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում խոսք է գնում դատական կարգադրիչի ատեստավորման մասին, մինչդեռ Նախագիծն ընդհանուր առմամբ հրաժարվել է դատական կարգադրիչների ատեստավորման ինստիտուտից:

13. Առաջարկվում է հանել Նախագծի 56-րդ հոդվածի 7-րդ մասը, քանի որ ծայրահեղ անհրաժեշտության եւ անհրաժեշտ պաշտպանության հետ կապված իրավահարաբերություները կարգավորված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:

14. Առաջարկվում է խմբագրել կամ հստակեցնել Նախագծի 76-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «անհիմն փոխադրված» եզրույթը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը:

15. Նախագծի 77-րդ հոդվածում առաջարկում ենք որպես 47-րդ, 50-րդ, 52-րդ, 69-րդ եւ 70-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2018 թվականի հուլիսի 1-ը, քանի որ դրանք հղումներ են պարունակում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքին, որը նույնպես այդ օրն է ուժի մեջ մտնելու:

16. Նախագծի 77-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանել, թե երբ է ուժի մեջ մտնելու Նախագծի 44-րդ հոդվածի 3-րդ մասը, եւ ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`     Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`     Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)