ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-363-31.08.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանի եւ Հայկ Կոնջորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով, իսկ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով ներկայացվող 2.4-րդ մասում առաջարկում ենք «Պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը» բառերը փոխարինել «Պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարելու դեպքում հարկադիր կատարողը այդ մասին պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որի հիման պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտապանի կողմից կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը» բառերով, քանի որ վերոնշյալ կարգավորումը պարունակում է պարտավորեցնող դրույթներ ինչպես հարկադիր կատարողի, այնպես էլ պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպության համար, իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

3. Առաջարկվում է վերախմբագրել Նախագծի 1-ին հոդվածով ներկայացվող 2.3-րդ մասը, քանի որ համաձայն առաջարկվող կարգավորման` պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ հարկադիր կատարողը սահմանված տեղեկությունը պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այն բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար: Այս պարագայում եւս սահմանվում են իմպերատիվ կարգավորումներ հարկադիր կատարողի համար, որոնց համատեքստում` պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը առնվազն արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում են դրված արգելանքի չափի մասին, իսկ վերջինս պարտավորվում է հանել բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար: Առաջարկվում է հստակեցնել այն հիմքերը, որոնց արդյունքում այլեւս անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովումը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)