ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին ( փաստաթղթային կոդ`Պ-257-14.08.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) օրենսդրական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում
Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացմամբ առաջարկվում է. «Առաջին ծննդաբերության ժամանակ, երկվորյարկ երեխաներ ծնվելու դեպքում` յուրաքանչյուր նոր ծնված երեխային տրվում է ծննդյան միանվագ տարբերակված նպաստ` երկրորդ երեխայի կարգաթվով սահմանված միանվագ նպաստի կրկնապատիկի չափով», այս իրավակարգավորմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվում այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին ծննդաբերության ժամանակ միաժամանակ երկուսից ավելի երեխաներ են ունենում: Ուստի առաջարկում ենք վերը նշված լրացմամբ նախատեսված իրավակարգավորումը կիրառել առաջին ծննդաբերության ժամանակ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում:
2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացմամբ առաջարկվում է. «Սույն օրենքի 24-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դեպքում` յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ծննդյան միանվագ տարբերակված նպաստը վճարվում է ուղղակի կարգով», մինչդեռ «Պետական նպաստների մասին» գործող օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. «Երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (այսուհետ` պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագրի օրինակելի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Գործող օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասից պարզ է դառնում, որ անուղղակի կարգով ծննդյան միանվագ նպաստի մի մասի վճարումը կատարվում է միայն երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ուստի առաջին ծննդաբերության ժամանակ, երկվորյարկ երեխաներ ծնվելու դեպքումառանց վերը նշված լրացման էլ ծննդյան միանվագ նպաստը պետք է վճարվի ուղղակի կարգով:
3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության»բառերը հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
4. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացման մեջ «սահմանված» բառից հետո ավելացնել «ծննդյան» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին ( փաստաթղթային կոդ`Պ-257-14.08.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ