ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում սահմանվում է. «Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքը վիճահարույց է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետեւանքներ»: Նշվածից բխում է, որ Նախագծով սահմանվում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի վիճահարույց լինելու կանխավարկածը, եթե օրենքով սահմանված չէ այդ գործարքի առոչինչ լինելը: Ընդունելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածում առկա է իրավական որոշակիության խնդիր, միաժամանակ կարծում ենք, որ նման փոփոխության արդյունքում կարող է խախտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անվավեր գործարքների երկու տեսակների՝ վիճահարույց եւ առոչինչ գործարքների տարբերակման տրամաբանությունը:
Վերոգրյալի կապակցությամբ նախ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գործարքների անվավերության վերաբերյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ առոչինչ եւ վիճահարույց գործարքների տարբերակման հիմքում դրված է երկու չափանիշ: Այդպիսիք են գործարքի անվավերության հաստատման կարգը եւ գործարքն անվավեր ճանաչելու եւ (կամ) անվավերության հետեւանքների կիրառման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը :
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)»: Նշված իրավադրույթից բխում է, որ վիճահարույց գործարքն անվավեր է դառնում տվյալ գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտի հիման վրա, ինչը, մեր կարծիքով, նշանակում է, որ վիճահարույց գործարքի անվավերության հիմքերն առանց համապատասխան դատական ակտի առկայության «վեճ են հարուցում» կամ վիճելի են, եւ անվավերության հաստատման համար անհրաժեշտ է դատական կարգով համապատասխան հանգամանքնների առկայության պարզում: Մինչեւ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտի կայացումը վիճահարույց գործարքը դիտարկվում է որպես վավեր գործարք, եւ այդ գործարքին որպես անվավեր գործարք վերաբերվել հնարավոր չէ: Գործարքի մասնակից չհանդիսացող անձինք այդ գործարքներն ընդունում են որպես վավեր գործարքներ, քանի դեռ այդ գործարքների անվավերության հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նշված անձանց կողմից դատական կարգով չի բարձրացվել (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 308-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ, 315-րդ հոդվածներ): Իսկ առոչինչ գործարքում առկա անվավերության հիմքն այնքան ակնհայտ է, որ այդ հիմքի հաստատման համար դատական քննության անհրաժեշտություն առկա չէ, եւ առանց համապատասխան դատական ակտի հնարավոր է նման գործարքին վերաբերվել որպես անվավեր գործարքի կամ վկայակոչել այդ գործարքի անվավերությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերին համապատասխան՝ առոչինչ գործարքների դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները կիրառելով , իսկ վիճահարույց գործարքի դեպքում՝ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով եւ դրա անվավերության հետեւանքները կիրառելով: Այսինքն՝ առոչինչ գործարքն արդեն իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով դիտարկված է օրենքին հակասող, եւ այդ հակասությունն այնքան ակհնայտ է, որ անվավեր ճանաչելու անհրաժեշտություն առկա չէ, ու դատարանն անմիջապես անցնում է անվավերության հետեւանքների կիրառմանը, իսկ վիճահարույց գործարքի դեպքում նախ գործարքը ճանաչվում է անվավեր, որից հետո միայն կիրառվում են անվավերության հետեւանքները:
Անդրադառնալով առոչինչ եւ վիճահարույց գործարքների տարբերակման ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված երկրորդ չափանիշին, այն է՝ անվավեր ճանաչելու եւ (կամ) անվավերության հետեւանքների կիրառման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակին՝ նշենք, որ առոչինչ գործարքների դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասով անվավերության հետեւանքների կիրառման մասին պահանջ ներկայացնելու իրավունք վերապահված է ցանկացած շահագրգիռ անձի: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետեւանքներ կիրառել նաեւ սեփական նախաձեռնությամբ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք: Նման տարբերակումը, մեր կարծիքով, պայմանավորված է նրանով, որ առոչինչ գործարքներով, որպես կանոն, կարող են խախտվել անորոշ շրջանակի անձանց շահեր, այսինքն՝ շահագրգիռ անձանց շրջանակն օրենսդրորեն կանխորոշել հնարավոր չէ, իսկ վիճահարույց գործարքների դեպքում խախտվում են որոշակի անձանց շահեր, որոնց շրջանակն օրենսդրությամբ կանխորոշվում է:
Վերոգրյալից բացի՝ կարծում ենք, որ առոչինչ եւ վիճահարույց գործարքների տարբերակման հիմքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նշված ֆորմալ չափանիշներից բացի դրված է նաեւ պաշտպանության ենթակա շահի չափանիշը: Եթե անվավեր գործարքի կնքման արդյունքում խախտվում է պետության կողմից պաշտպանության ենթակա առավել մեծ շահ՝ ըստ այդմ առաջացնելով անորոշ շրջանակի անձանց իրավունքների խախտման հնարավորություն, ապա օրենքի ուժով այդ գործարքը դիտարկվում է անվավեր եւ որակվում առոչինչ: Այդպիսիք են, օրինակ, կեղծ եւ շինծու գործարքները (306-րդ հոդված), տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքը (309-րդ հոդված), իրավունքների պետական գրանցման պահանջի չպահպանմամբ կնքված գործարքը (302-րդ հոդված) եւ այլն: Իսկ եթե գործարքի կնքման արդյունքում կարող են խախտվել որոշակի նեղ շրջանակի անձանց իրավունքներ, ապա այդ գործարքները դիտարկվում ենք վիճահարույց՝ թողնելով այդ շահագրգիռ անձանց հայեցողությանը՝ նախաձեռնել գործարքի անվավերության գործընթաց, թե պահպանել գործարքի իրավաբանական ուժը: Այդպիսիք են, օրինակ, տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասի կնքած գործարքը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 310-րդ հոդված), էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը(ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդված), գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ կնքված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մաս):
Վերոշարադրյալի համատեքստում նշենք, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանվի օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանելու հիմքով գործարքի վիճահարույց լինելու կանխավարկածը, ապա դա կնշանակի, որ այդ գործարքները պետք է հիմք ընդունվեն որպես վավեր գործարքներ այնքան ժամանակ, քանի դեռ դատական կարգով անվավեր չեն ճանաչվել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածին համապատասխան՝ վիճահարույց գործարքն անվավեր է դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով: Նման պայմաններում օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք գործարքներ, որոնք իրականում առոչինչ գործարքներ են անվավերության հիմքերի ակնհայտ լինելու ուժով, արհեստականորեն կարող են դիտարկվել որպես վավեր գործարքներ, քանի դեռ դատարանի կողմից անվավեր չեն ճանաչվել: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 903-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝«Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդի գումարը, ինչպես նաեւ վճարելու սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները եւ տոկոսների գումարից բացի` հատուցելու ավանդատուին պատճառված վնասները:
Եթե նման անձը բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա նման պայմանագիրն անվավեր է (հոդված 305)»:
Նշվածից դրույթներից բխում է, որ եթե առանց համապատասխան լիցենզիայի բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցների ընդունման պայմանագիր է կնքվել իրավաբանական անձի հետ, ապա այդ պայմանագիրն անվավեր է օրենքի ուժով: Նշված պայմանագրի անվավերության հիմքի առկայությունը վեճ չի հարուցում, նման պայմանագրի անվավերությունը կարող են վկայակոչել ինչպես պայմանագրի կողմերը, այնպես էլ երրորդ անձինք, եւ նման պայմանագրի անվավերությունը պարզելու համար դատական քննության անհրաժեշտություն առկա չէ: Մինչդեռ եթե առաջնորդվենք Նախագծով շարադրված 305-րդ հոդվածի տրամաբանությամբ, ապա նման պայմանագիրը պետք է դիտարկվի վավեր նախքան դատարանի կողմից անվավեր ճանաչելը: Մեկ այլ օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածով նախատեսված է հայցային վաղեմության ժամկետները փոփոխելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայցային վաղեմության ժամկետները եւ դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով եւ չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ»: Նույն տրամաբանությամբ, եթե հայցային վաղեմության ժամկետը փոխելու վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնություն կնքվի, մի՞թե այդ համաձայնությունը կարելի է որակել որպես վիճահարույց գործարք:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվածառոչինչ եւ վիճահարույց գործարքների համակարգի անհակասականությունն ապահովելու համար՝ չեն կարող օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող բոլոր գործարքները, որոնց համար նախատեսված չէ առոչնչություն, որակվել որպես վիճահարույց գործարքներ: Արդյունքում այդ գործարքների շարքը կհամալրեն նաեւ այն անվավեր գործարքները, որոնց կնքման արդյունքում կխախտվեն անորոշ շրջանակի անձանց իրավունքներ, եւ (կամ) որոնց անվավերության հիմքն ակնհայտ կլինի եւ դատական կարգով հաստատման անհրաժեշտություն չի առաջացնի:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը՝ հաշվի առնելով վերոգրյալ խնդիրների առաջացման հնարավորությունը:
2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ավելացնել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համարը:
3. Նախագծի 2-րդ հոդվածում «970-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «970-րդ հոդվածում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Գ. Մամյան(հեռ.՝ 011-513-361)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-361)