ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Խ-271-09.09.2019-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում սահմանված իրավական ակտի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ նշելով օրենքի հերթական համարը:

2.Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 4-րդ եւ 5-րդ մասերում սահմանված «ԵԱՏՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵՏՄ» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Մ. Վասիլյան, Զ. Հովասափյան (հեռ. 011-513-616)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան, Զ. Հովասափյան (հեռ. 011-513-616)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-271-09.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերով սահմանված, ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով, իսկ ներմուծման պահին ավելի քան 5 տարվա, բայց ոչ ավել քան 10 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման համար՝ 5 տոկոս դրույքաչափով:

3. Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Համաձայն «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի, 2020 թվականի հունվարի 1-ից զգալիորեն բարձրանալու են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող մի շարք (մոտ 800) ապրանքախմբերի (այդ թվում՝ նաեւ առաջին անհրաժեշտության)ներմուծման մաքսատուրքերը: Ի դեպ, այդ մասին նշված է նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ: Այս պարագայում, կարծում ենք, որոշակիորեն վիճահարույց է նշված ապրանքատեսակներից միայն ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին պատկանող ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնությունների տրամադրումը: Նշված մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված առաջին անհրաժեշտության ապրանքների հնարավոր թանկացման սոցիալական հետեւանքների մեղմման անհրաժեշտություն, ըստ էության, ոչ պակաս կարեւոր է, քան Նախագծով առաջարկվող ապրանքախմբերինը:

բ) Նախագծով առաջարկվող մոտեցմամբ, ըստ էության, խթանվում է առավել շատ մաշվածություն ունեցող մեքենաների ներմուծումը, ինչը, ըստ էության տրամաբանական չէ: Առավել եւս, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ առաջիկայում հանրապետությունից այդ ավտոմեքենաների արտահանման հնարավորությունները, ներմուծման ծավալների ակնկալվող կրճատմամբ պայմանավորված, զգալիորեն սահմանափակվելու են, ապա Նախագծի ընդունումը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա հանրապետության առանց այն էլ մաշվածության բարձր աստիճան ունեցող ավտոպարկի վրա:

բ) Նախագիծը, որն ըստ կից ներկայացված հիմնավորման, ուղղված է 2020 թվականից հետո հանրապետություն երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների հնարավոր թանկացման զսպմանը, մեր կարծիքով, այդ հարցը չի կարող լիարժեք կերպով լուծել: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ազատ շուկայական գնագոյացման պայմաններում, երբ գները ճկուն չեն (այսինքն` շատ արագ արձագանքում են դրանց աճին նպաստող գործոններին եւ չեն արձագանքում կամ գրեթե չեն արձագանքում դրանց նվազեցմանը նպաստող գործոններին), չի կարելի համոզված լինել, որ Նախագծով սահմանվող ավտոմեքենաների ներմուծուման համար ավելացված արժեքի հարկի առավել ցածր դրույքաչափերի կիրառումը միանշանակ եւ նույն չափով կհանգեցնի գների նվազեցմանը: Հետեւաբար, չի բացառվում այնպիսի իրավիճակների առաջացումը, երբ ստացվելիք սոցիալական եւ տնտեսական էֆեկտը համարժեք չի լինի բյուջետային այն կորուստներին, որին կհանգեցնի սույն Նախագծի ընդունումը: Ավելին, հայտնի է, որ շուկայական հարաբերությունների պայմաններում ազատ գնագոյացումը տեղի է ունենում առաջարկի եւ պահանջարկի ազդեցության ներքո: Նման իրավիճակում, ԱՏԳԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին պատկանող եւ Նախագծով սահմանված մաշվածության այլ ժամանակահատված ընդգրկող ավտոմեքենաների հնարավոր թանկացումը, մեր կարծիքով, անխուսափելիորեն կանդրադառնա շուկայի վրա՝ նպաստելով նաեւ մյուս, այդ թվում՝ նաեւ առաջարկվողհարկային արտոնության տակ ընկնող ավտոմեքենաների գների աճին: Բացի այդ, կարծում ենք, բավարար հիմնավորում չունի առաջարկվող հարկային արտոնության կիրառման ժամանակահատավածը:

գ) Համաձայն «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի, ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից: Կարծում ենք, այս մասով Նախագիծը վերանայման կարիք ունի, քանի որ ընդունման դեպքում ոչ միայն կառաջանա հակասություն, այլ նաեւ կսահմանվեն Նախագծով հետապնդվող նպատակներին տրամագծերոն հակասող իրավակարգավորումներ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ   ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝      Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011-513-603)

25.09.2019թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-271-9.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ԱԱՀ դրույքաչափերի փոփոխմամբ տալ հնարավորություն տնտեսության նշված հատվածին եւ դրա հետ փոխկապակցված մյուս ոլորտներին հնարավորինս անցնցում անցում կատարելու զարգացման հաջորդ մակարդակին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011 513-235)

17.09.2019թ.