ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-285-16.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անհետաձգելի համարված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում«4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.» բառերն առաջարկում ենք փոխարինել «4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում լրացնել նոր՝ «է» ենթակետ.»բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին մասը» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 2-րդ մասին:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացման կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծից պարզ չէ, թե որ բառերից հետո է նախատեսվում կատարել լրացումը,քանի որ «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի» բառերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված են երկու անգամ: Մինչդեռ Նախագծին կից ներկայացված գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքից պարզ է դառնում, որ լրացումը նախատեսվում է 348-րդ հոդվածի 1-ին մասի «Օրենսգրքի 89-րդ հոդվածի» բառերից առաջ: Հետեւաբարհաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը:
4. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 4-րդ հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի մասերը համարակալել հերթական համարներով:
5. Նախագծի 5-րդ հոդվածում «457-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «457-րդ հոդվածում լրացնել նոր՝ 7-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Գ. Մամյան(հեռ.՝ 011-513-361)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-361)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-285-16.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է՝
- ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման նպատակով սահմանել հետեւյալ հերթականությունը. ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունները մարվում են նախ տվյալ հարկատեսակի դեբետային գումարների հաշվին (այդ թվում՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին), ապա միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետեւ՝ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին,
- յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը կիրառել նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար, ինչը հնարավորություն կտա այդ գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրել միասնական հաշվին եւ մարել հարկ վճարողի ցանկացած այլ հարկային պարտավորություն կամ դրանց բացակայության դեպքում վերադարձնել հարկ վճարողին,
- բարձրացնել հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով 40 մլն դրամ,
- պարզեցված ընթացակարգը կիրառել ոչ միայն ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարի փոխհատուցման համար, այլեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, իսկ մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման համար,
- մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` նախագիծն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ մնացորդը մուտքագրել պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման եւ օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
փորձագիտական եւ վերլուծական վարչության
ֆինանսատնտեսագիտական փորձաքննության
բաժնի պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
18.09.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-285-16.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունմամբ կվերանայվի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին:
ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաեւ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած, բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները:
Կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն. դրամ:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի փորձագիտական
եւ վերլուծական վարչության
սոցիալ, կրթական, առողջապահական
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
18.09.2019թ.