ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-288-20.09.2019-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-2881 -20.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 4 նոր հոդվածներով, որոնց համաձայն՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու, այդ կարգավիճակը ունեցող անձին դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, դրան մասնակցելու կամ ներգրավելու համար: Մասնավորապես, Նախագծի 223.2-րդ հոդվածի 3-րդ մասով տրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հասկացությունը, որը համարվում է քրեական աստիճանակարգությամբ եւ միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է (…): Կարծում ենք, որ Նախագծով «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» հասկացության բնորոշումը, կարող է, առաջացնել իրավական որոշակիության խնդիր: Մասնավորապես, գտնում ենք, որ «քրեական աստիճանակարգություն» եւ «միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձ» տերմինները բովանդակային առումով մասամբ համընկնում են, քանի որ քրեական աստիճանակարգությունն արդեն իսկ ենթադրում է միջանձնային հիերարխիկ հարաբերությունների առկայություն: Հետեւաբար, գտնում ենք, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման՝ նշված երկու հատկանիշների միաժամանակյա սահմանման անհրաժեշտությունն առկա չէ:

2. Նախագծի 223.2-րդ հոդվածի 4-րդ մասում տրված է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, որի համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ համարվում է հեղինակություն եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաեւ կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամմասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է (…) եւ այլն: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ»: Այսինքն՝ ստացվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մի դեպքում հեղինակություն ստացած եւ հրահանգներ տվող անձն է, մեկ այլ դեպքում՝ նշված խմբավորման հավաքներ կազմակերպող, դրանց մասնակցող կամ նախատեսված այլ գործառույթներ իրականացնող անձը: Ուստի գտնում ենք, որ Նախագծի 223.2-րդ հոդվածի 4-րդ մասի «ինչպես նաեւ» բառերից հետո նշված պայմանը եւս համարվում է թվարկված նախին պայմանների հետ կապված պայման: Հետեւաբար, առաջարկում ենք «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «եւ» բառով կամ ստորակետով:

3. Նախագծի 223.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալը եւ Նախագծի 223.2-րդ հոդվածի 1-ին մասով խմբավորում ղեկավարելը , 223.3-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշված արարքները, այն է՝ խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը , գտնում ենք, որ բովանդակային առումով համընկնող հանցակազմեր են եւ բարձրագույն կարգավիճակ ստանալը, որպես կանոն, կենթադրի նաեւ մյուս նշված հանցակազմերի առկայությունը: Այսինքն, անձի՝ բարձրագույն կարգավիճակ ստանալու արարքի հետ միաժամանակ, վերջինիս կարող է մեղադրանք առաջադրվել նաեւ խմբավորման ղեկավարման, խմբավորմանը մասնակցելու համար, քանի որ նշված կարգավիճակ ստանալն ինքնին ենթադրում է խմբավորման մասնակցություն, ղեկավարում: Ուստի գտնում ենք, որ բարձրագույն կարգավիճակ ստացած անձի արարքների որակման գործընթացում հստակություն եւ որոշակիություն ապահովելու, ինչպես նաեւ վարույթն իրականացնող մարմնի՝ բարձրագույն կարգավիճակ ստացած անձի արարքների որակման հարցում հայեցողությունը որոշակիորեն սահմանափակելու համար հարկ է բարձրացված խնդրին լուծում տալ Նախագծով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361) (108)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-361) (108)