ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-290-23.09.2019-ՊԻ-011/0) եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-2901 -23.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

«Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծով նախատեսված է հանցագործությունների սահմանափակ շրջանակ, որոնց դեպքում թույլատրվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումը: Մինչդեռ հանցագործությունների սահմանափակ շրջանակի ընտրութան վերաբերյալ բացակայում են հիմնավորումները: Կարծում ենք, որ հասկանալի չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր գլուխներում ընդգրկված հոդվածների մի մասի ներառման եւ մյուսների չընդգրկման չափանիշները եւ սկզբունքները: Մասնավորապես՝ Նախագծից դուրս են մնացել մի շարք հոդվածներ, որոնցով նախատեված հանցակազմերը եւս կարող են առաջացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտման անհրաժեշտություն: Օրինակ,չեն ներառվել ապօրինի ձեռնարկատիրության, կեղծ ձեռնարկատիրության, կանխամտածված սնանկության, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ այլ հանցակազմեր:

Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ հանցագործությունների այսպիսի շրջանակի նախատեսումը չի բխում համաչափության սահմանադրական սկզբունքի տրամաբանությունից: Այդ սկզբունքի համաձայն՝ միջամտությունը պետք է համարժեք կամ չափավոր լինի, այսինքն՝ միջամտության սաստկությունը չպետք է անհամարժեք լինի սահմաափակվող հիմնական իրավունքի նշանակությանը եւ կշռին: Մինչդեռ Նախագծով սահմանված հանցագործությունների պարագայում այդպիսի միջամտության առավել անհրաժեշտությունը, մեր կարծիքով, չի բխում որեւէ հիմնավորումից: Նշված հանցագործությունների պարագայում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտումը, կարծում ենք, կարող է բացառիկ անհրաժեշտություն չլինել` մի շարք այլ հոդվածների համեմատությամբ, որոնք չեն ընդգրկվել: Հետեւաբար, գտնում ենք, որ Նախագծով սահմանված հանցագործությունների դեպքում հիմնական իրավունքի կշռին համարժեք սահմանափակում չէ այդպիսի միջամտությունն այն պայմաններում, երբ առնվազնվերոնշյալ չներառված հոդվածների դեպքում այդ սահմանափակման հնարավորությունը նախատեսված չէ: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի միայն 2-րդ մասի ներառումը կարող է հակասել համաչափության սկզբունքին. տվյալ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է անտառները ոչնչացնելու եւ վնասելու ՝ մեղքի անզգույշ ձեւով կատարված հանցագործության նկարագրությունը, մինչդեռ 3-րդ մասի դիսպոզիցիան նկարագրում է դիտավորությամբ կատարված արարք: Կարծում ենք, որ տրամաբանական եւ համաչափ չէ 2-րդ մասի ներառումն առանց 3-րդ մասի ներառման:

Միաժամանակ կարծում ենք, որ խնդրահարույց է մի շարք հանցագործությունների դեպքում հոդվածների միայն առանձին մասերի ընդգրկումը: Հոդվածի համապատասխան մասով արարքի որակման համար անհրաժեշտ են ամբողջական տեղեկություններ, որոնց պարզումն է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման հիմնական նպատակը:

Խնդրահարույց է նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի ներառումը նույն օրենսգրքի 268-րդ հոդվածը չներառելու պայմաններում: Հնարավոր են իրավիճակներ, երբ արարքի 266-րդ հոդվածով որակված լինելու դեպքում նախաքննության ընթացքում այլ անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները համապատասխան ընթացկարգով ստացվեն, սակայն հետագայում՝ դատական քննության ընթացքում, ապացույցների բավարար, վերաբերելի եւ թույլատրելի համակցության բացակայության պատճառաբանութամբ արարքը վերաորակվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով:

            Այլ օրենքների պահանջներին Նախագծի համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծում «ՀՈԴՎԱԾ» բառն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» բառով `հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագի 1-ին հոդվածում լրացվող պարբերության «289-րդ հոդվածի» բառերից հետո կրկնվող «հոդվածի» բառն առաջարկում ենք հանել, նույնը վերաբերում է նաեւ«297-րդ հոդվածի» բառերից հետո կրկնվող «հոդվածի» բառին:

4. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր պարբերությամբ սահմանված «տալու» բառն առաջարկում ենք փոխարինել «ստանալու» բառով: Սույն առաջարկը բխում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասից, որով սահմանված է, որ դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում քննիչի` համապատասխան գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը:

Այլ օրենքների պահանջներին « «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ ա ռաջարկում ենք « «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616), (201),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը  բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616), (201),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) , (118)