ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-304-03.10.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասին:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում՝ նոր խմբագրությամբ շարադրելով ամբողջ օրենքը: Թեեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Նախագծով կատարվում են ծավալուն փոփոխություններ, սակայն այդ փոփոխությունների արդյունքում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հոդվածների համարակալումը փոխվումէ, ինչն անթույլատրելի է՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում»: Ուստի, առաջարկում ենք Նախագծով նախատեսված փոփոխությունները կատարել «Նախադպրոցական կրթության մասին» նոր օրենք ընդունելու միջոցով:
3. Առաջարկում ենք Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում օրենքների վերնագրերից հետո սահմանված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածի 7-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Հայաստանի Հանրապետության» եւ «ՀՀ» բառերին:
4. Առաջարկում ենք Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «Ընտանեկան, «Աշխատանքային օրենսգրքերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան, աշխատանքային օրենսգրքերով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված «նախադպրոցական պետական կրթական չափորոշիչ» հասկացությունը համապատասխանեցնել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանած հասկացությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:
6. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «պետական» բառն առաջարկում ենք փոխարինել «հիմնական» բառով՝ հիմք ընդունելով Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը:
7. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում նախատեսված է «ակտիվ մասնակցային խորհուրդներ» հասկացությունը, որը, մեր կարծիքով, պարզաբանման կարիք ունի: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք հստակեցնել «ակտիվ մասնակցային խորհուրդներ» հասկացության բովանդակությունը:
8. Առաջարկում ենք Օրենքի 2-րդ գլխի համար վերնագիր սահմանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:
9. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «օրինակելի» բառը, քանի որ հաստատության տնօրենի իրավասություններն ու պարտականությունները սահմանող ակտն օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունն է:
10. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ՝ առաջարկում ենք Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 16-րդ հոդվածի վերնագրում եւ նույն հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
11. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կրթական քաղաքականությունը» բառերից առաջ, 3-րդ կետում «ուսումնական հաստատությունների» բառերից առաջ, 4-րդ կետում «կրթական չափորոշիչներին» բառերից առաջ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «կրթական ծրագրին» բառերից առաջ եւ 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կրթության իրավունքն» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «նախադպրոցական» բառը՝ նկատի ունենալով, որ նշված դրույթներով սահմանված իրավակարգավորումները վերաբերում են նախադպրոցական կրթության ոլորտին:
12. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված են ծնողների ընդհանուր պարտականությունները, որոնք, մեր կարծիքով, վերաբերելի չեն նախադպրոցական կրթության ոլորտին: Ծնողների՝ ընդհանուր բնույթի պարտականություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում ենք Օրենքով սահմանել ծնողների այն պարտականությունները, որոնք վերաբերելի կլինեն նախադպրոցական կրթության ոլորտին:
13. Օրենքի 31-րդ հոդվածից հետո նշված «Հոդված 2. Եզրափակիչ դրույթ » բառերն առաջարկում ենք փոխարինել «Հոդված 32. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 4-րդ մասի 1-ին կետը: Ընդ որում, նշված 32-րդ հոդվածում առաջարկում ենք ներառել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը՝ հաշվի առնելով, որ այդ դրույթները պետք է տեղ գտնեն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում:
14. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
15. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «մանկական կամ զարգացման կենտրոնների» բառերն առաջարկում ենք փոխարինել «զարգացման կենտրոնների (մանկական կենտրոն)» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում նախատեսվող հասկացությունը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-304-03.10.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության եւ մատչելիության իրավական հիմքերը:
3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 1-ին հոդվածի «հասանելիությունը եւ մատչելիությունը» բառերը, խմբագրական առումով, առաջարկում ենք փոխարինել «հասանելիության եւ մատչելիության իրավական հիմքերը» բառերով:
3.2 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
ա) 4-րդ կետում «որն ապահովում է» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «առնվազն» բառը, այլապես խոսքը կգնա ոչ թե նախադպրոցական այլընտրանքային, այլ հենց կրթական հիմնական ծրագրի մասին,
բ) 5-րդ կետում «կրթական ծրագիր`» բառակապակցությունից հետո առաջարկում ենք ավելացնել «նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխանող» բառերը:
3.3 Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «օրինակելի» բառը, քանի որ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունը պետք է արդեն իսկ ունենա օրինակելի կանոնադրության հիման վրա մշակված եւ ընդունված իսկական կանոնադրություն:
3.4 Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը կարող է հիմնադրել պետական նախադպրոցական հաստատություններ (ներկայումս նախադպրոցական հաստատությունները գործում են համայնքների ենթակայության տակ եւ հիմնադրվում են նրանց կողմից): Եթե խնդիրը կայանում է նրանում, որ պետության կողմից պետք է ստեղծվեն այնպիսի նախադպրոցական հաստատություններ, որոնք չեն ստեղծվում համայնքների կողմից (օրինակ՝ նախադպրոցական այլընտրանքային, հեղինակային, միջազգային կամ փորձարարական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով), ապա այս լիազորությունը, կարծում ենք, անհրաժեշտ է վերապահել ոչ թե ՀՀ կառավարությանը, այլ կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին:
3.5 Նախագծի 18-րդ հոդվածով սահմանվող՝ նախադպրոցական կրթության բնագավառում Երեւանի քաղաքապետի լիազորություններն անհրաժեշտ էր լրացնել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, իսկ սույն օրենքում կմնար միայն հղում կատարել այդ օրենքի վրա (այնպես, ինչպես կատարված է Նախագծի 19-րդ հոդվածով՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասով), իսկ տվյալ Նախագիծն էլ անհրաժեշտ էր ներկայացնել նախագծերի փաթեթի տեսքով:
3.6 Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա համապատասխան մարզպետարանը կամ Երեւանի քաղաքապետարանը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը», այն դեպքում, երբ տարածքային կառավարման մարմինները սույն օրենքի իմաստով կարգավորող կամ կառավարման մարմիններ չեն հանդիսանում (տես Նախագծի 15-րդ հոդվածը): Հետեւաբար, տվյալ լիազորությունն անհրաժեշտ է կամ վերապահել համայնքների ղեկավարներին, կամ էլ տարածքային կառավարման մարմինները սահմանել որպես նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմիներ:
3.7 Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի եւ տնօրենի վերապատրաստումը եւ ատեստավորումը պարտադիր է: Եթե վերապատրաստման առումով որեւէ խնդիր չի առաջանում, ապա ատեստավորման մասով, կարծում ենք, իրավիճակը բավականին խնդրահարույց է՝ մի քանի առումներով: Մասնավորապես՝
ա) պարտադիր ատեստավորումը, որը, բնականաբար, հիմք է հանդիսանում նաեւ աշխատանքից ազատման համար, ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեխանիզմ է, որը ներդրված էր նաեւ հանրային ծառայության ոլորտում, սակայն վերացվեց՝ հաշվի առնելով դրա գործնական մի շարք թերությունները,
բ) ի տարբերություն հանրային (քաղաքացիական) ծառայողների, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները եւ տնօրեններն աշխատանքի են ընդունվելու պայմանագրային հիմունքներով եւ այդ պայմանագրերով կարող են սահմանվել աշխատանքից ազատման մի շարք հիմքեր, այդ թվում՝ նաեւ համապատասխան որակներ չունենալու, անհարգելի պատճառներով վերապատրաստումներին չմասնակցելու եւ այլ առումներով (սրանք այն դեպքերի համար, եթե համապատասխան աշխատողներն աշխատանքի ընդունվել են նշված հիմքերը չունենալու եւ օրենքի պահանջները խախտած լինելու դեպքում),
գ) այն դեպքում, երբ համապատասխան աշխատողներն աշխատանքի են ընդունվել բոլոր պահանջներին համապատասխան, եւ ժամանակի ընթացքում մասնակցել են վերապատրաստման դասընթացներին եւ ծրագրերին, ապա պարտադիր ատեստավորումը, աշխատանքին ներկայացվող պահանջներին աշխատողի համապատասխանության տեսանկյունից, որեւէ նոր բան չի կարող բացահայտել եւ անիմաստ գործընթաց կլինի՝ հանգեցնելով նաեւ անարդյունավետ ծախսերի կատարման:
3.8 Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի «2022 թվականի ավարտը» բառերն առաջարկում ենք փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(Հեռ.՝ 011-513-668)
15.10.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-304-03.10.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական , կրթական , առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորել նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկակական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության եւ մատչելիության հիմքերը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ա. Հարությունյան ( հեռ.` 011-513-273)
17.10.2019թ.