ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-305-03.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասում «ոստիկանություն կամ» բառերը հանել, մինչդեռ նշված հոդվածի 1-ին մասում «ոստիկանություն կամ» բառերը օգտագործվում են երկու տեղում: Նախագծին կից ներկայացված տեղեկանքից պարզ է դառնում, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է միայն առաջին «ոստիկանություն կամ» բառերին: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք «ոստիկանություն կամ» բառերը հանել Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի ողջ տեքստից, քանի որ դա բխում է Նախագծով նախատեսված փոփոխությունների տրամաբանությունից:
2. Օրենքի 31-րդ հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում հավելել, որ նշված հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ինտերնետային ցանցով փոխանցվող հաղորդումների վերահսկում միջոցառման իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջներին՝ նախատեսելով ոստիկանության համար ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելու վերաբերյալ կարգավորումներ: Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ի թիվս այլնի, ներառում է ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների վերահսկումը: Հարկ է նկատել, որ ըստ Նախագծի հիմնավորման՝ Նախագծի նպատակն է ոստիկանությանը հնարավորություն տալ օպերատիվ-տեխնիկական սեփական ենթակառուցվածքներով իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ինչի արդյունքում անհետաձգելի դեպքերում կխնայվի ժամանակ, կբարձրանա միջոցառման արդյունավետությունը: Նախագծի հիմնավորմամբ անդրադարձ է կատարվում նաեւ ինտերնետային հաղորդակցության վերահսկմանը, ինչից կարող ենք ենթադրել, որ այս դեպքում եւս ոստիկանությունը պետք է ունենա արագ եւ արդյունավետ աշխատելու հնարավորություն: Ուստի, հիմք ընդունելով նշվածը, առաջարկում ենք անդրադարձ կատարել նաեւՕրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ոստիկանությանը վերաբերող կարգավորմանը, քանի որ դրանում եւս փոփոխություն կատարելը բխում է Նախագծի նպատակից:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անհապաղ զեկուցում են» բառերով: Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ (կամ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն անհապաղ զեկուցում են» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին,2-րդ եւ 3-րդ մասերը:
4. Նախագծի 4-րդ հոդվածով կարգավորվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ սահմանելով՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը ( )»: Ձեւակերպման բովանդակությունից բխում է, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվա հետ, սակայն վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու անհրաժեշտություն եւ հնարավորություն կստեղծվի միայն սույն օրենքի օրինական ուժ ստանալուց հետո: Ուստի, առաջարկում ենք նախատեսել օրենքի ուժի մեջ մտնելու հստակ ժամկետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2 3 -րդ հոդվածի 1-ին մասը :
5. Նախագծի վերնագրի 2-րդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
6. Նախագծի 1-ին հոդվածում «2007 թվականի հոկտեմբերի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
7. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ , 3-րդ մասերը եւ 3-րդ հոդվածի 3-րդ մասը:
8. Նախագծի հոդվածների մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)