ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-309-08.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 360.1-րդ հոդվածով, որի 1-ին մասով, մասնավորապես, նախատեսվում է. «Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբինքնասպանության կամ ինքնասպանության փորձիհասցնելըմեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում էազատազրկմամբ՝ երեքից ութտարի ժամկետով»: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում են ծանրացնող հանգամանքները: Մասնավորապես, 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան ծանրացնող հանգամանք է նշված արարքը մի խումբ անձանց կողմից կատարելը:

Գտնում ենք, որ մի խումբ անձանց կողմից զինծառայողին ինքնասպանության հասցնելը որպես ծանրացնող հանգամանք ձեւակերպելը կարող է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի հետ անհամապատասխանություն առաջացնել հետեւյալ հիմնավորմամբ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները : Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նոր՝ 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ծանրացնող հանգամանքի ձեւակերպումը, այն է՝ «մի խումբ անձանց կողմից», ունի որոշակիացման կարիք: Մասնավորապես, Նախագծի ձեւակերպումից հասկանալի չէ՝ խոսքը մի խումբ զինծառայողների մասին է, թե մի խումբ անձանց, որոնց շարքում կարող են լինել նաեւ հանցագործության «ընդհանուր սուբյեկտ» համարվող անձինք:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում եւ համանուն գլխում տեղ գտած հանցագործությունները բնութագրվում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ առանձնահատուկ հատկանիշներով: Մասնավորապես, բոլոր զինվորական հանցագործությունների համար ընդհանուր հանդիսացող օբյեկտն օրենքներով, զինվորական կանոնադրություններով, կանոնագրքերով, պետերի հրամաններով սահմանված զինվորական ծառայության կարգն է: Հետեւաբար արարքը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների թվին դասելու համար նախեւառաջ պետք է փաստել, որ այն ոտնձգում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ` որպես հանցագործության հիմնական օբյեկտի:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն գլխով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք եւ վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող)»: Այսինքն՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնութ տարին լրացած մեղսունակ այն քաղաքացին, ով օրենքով սահմանված կարգով իրականացված զորակոչի հիման վրա կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն է անցնում ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ վարժական հավաքներ է անցնում:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 358-րդ («Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը») եւ 358.1-րդ («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը») հոդվածներում առկա համանման ծանրացնող հանգամանքի ձեւակերպումը հստակության առումով, կարծում ենք, խնդիրների չի հանգեցնում, քանի որ առնվազն վերոնշյալ հոդվածների վերնագրերը հնարավորություն տալիս են հստակեցնելու սուբյեկտներին՝ պարզ դարձնելով այն հանգամանքը, որ նշված հանցագործությունները մի խումբ անձանց կողմից կատարելը ենթադրում է մի խումբ զինծառայողների կողմից կատարում: Օրինակ, պարզ է, որ պետի նկատմամբ բռնի գործողություններ կարողեն կատարել կամ դրանք կատարելու սպառնալիք տալ այն սուբյեկտները, ովքեր գտնվում են պետի ենթակայության տակ, հետեւաբար զինծառայողներ են: Նույն մեկնաբանությունը վերաբերելի է 358.1-րդ հոդվածին: Մինչեռ, ի տարբերություն վկայակոչված հոդվածների, Նախագծով լրացվող հոդվածի դեպքում նման մեկնաբանությունը, կարծում ենք, միանշանակ կարող է չլինել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ որպես ծանրացնող հանգամանք սահմանված «մի խումբ անձանց կողմից,» ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ եւ կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացվող 360.1-րդ հոդվածում նախատեսված սանկցիաները սահմանել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված սանկցիաներին համաչափ: Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 358-րդ եւ 358.1-րդ հոդվածների կարգավորման արդյունքում համապատասխանաբար պետի եւ ստորադասի նկատմամբ բռնի գործողությունների կամ դրանք կատարելու սպառնալիքի արդյունքում անզգուշությամբ պատճառված ծանր հետեւանքի համար, որը ծանրացնող հանգամանք է, նախատեսվածէ մի դեպքում վեցից տասներկու տարի, մյուս դեպքում՝ յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկում (այդ թվում՝ մի խումբ անձանց կողմից կամ միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար կատարած լինելու դեպքերում): Մինչդեռ Նախագծով առաջարկվող լրացմամբ զինծառայողին սպառանալիքի կամ բռնության միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի՝ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանրացնող հանգամանքների (այդ թվում՝ մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար) առկայությամբ հասցնելու համար նախատեսվում է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում: Կարծում ենք, որ անզգուշությամբ պատճառված ծանր հետեւանքների եւ անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու դեպքերում նախատեսված սանկցիաները պետք է սահմանված լինեն համաչափության սահմանադրական սկզբունքին համապատասխան:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նշված օրենսգրքի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված 360.1-րդ հոդվածի 1-ին մասում «անուղակի» բառում արված վրիպակը ուղղել՝ այն փոխարինելով «անուղղակի» բառով, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված 360.1-րդ հոդվածի 2-րդ մասում «տաս» բառում արված վրիպակը ուղղել՝ այն փոխարինելով «տասը» բառով:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված՝ Օրենսգրքի նոր 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ձեւակերպումը՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում», փոխարինել հետեւյալ բովանդակությամբ՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում»՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան ձեւակերպմամբ (տե՛ս, օրինակ, 365-րդ հոդված):

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)