ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-311-08.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ ««Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-3111 -08.10.2019-ՏՏԳԲ-011/0)վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծեր կամ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծերի առաջին էջի վերեւի աջ անկյունում նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:
2. Առաջարկում ենք Նախագծերի վերնագրերում սահմանված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով լրացվող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 151 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծում անցումային դրույթով սահմանել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:
4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող Օրենքի 151 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ անկանխիկ եղանակով կատարվող վճարման կարգը սահմանում է Կառավարությունը, մինչդեռ «Համատիրությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով սահմանված է` «Պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարները եւ այլ վճարները համատիրության անդամը պարտավոր է կատարել օրենքով եւ համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով»: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք «Համատիրության մասին» օրենքի նշված հոդվածում եւս նշում կատարել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների եւ այլ վճարների վճարման վերաբերյալ Կառավարության կողմից սահմանվելիք կարգի մասին:
5. Առաջարկում ենք ««Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի հերթական համարում նշված «-Ն» նշումը հանել, քանի որ «Համատիրության մասին» օրենքը հերթական համարից հետո չունի նորմատիվ բնույթի մասին նշում:
6. «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում նախատեսվում է երկու կետադրական նշանի միաժամանակյա առկայություն, ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված լրացումը կատարելուց առաջ հանել գործող օրենքով նախատեսված միջակետը:
7. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթով սահմանված «անկանխիկ եղանակով» բառերը փոխարինել «անկանխիկ ձեւով» բառերով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 929-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:
8. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները, այդ թվում՝ բանկային հաշվի վերաբերյալ 50-րդ գլխով նախատեսված կարգավորումները` առաջարկում ենք «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացման մեջ «հաշվեհամարին» բառը փոխարինել «հաշվին» բառով:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-311-08.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ«Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3111 -08.10.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ դրա հեղինակի, «նպատակ ունի համատիրությունների անդամների կողմից պարտադիր վճարների անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով ապահովել ողջ գործընթացի թափանցիկություն, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն:»:
3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախ եւ առաջ հարկ է նշել, որ համատիրության անդամների կողմից պարտադիր նորմերի գծով շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր վճարների (այսուհետ՝ պարտադիր վճարներ) անկանխիկ վճարումը չի կարող ապահովել նախաձեռնության հեղինակի կողմից դրված նպատակի իրականացումը, այն է՝ համատիրության բյուջեի ձեւավորման եւ օգտագործման թափանցիկության եւ համատիրության մյուս անդամների համար այդ վճարների վճարման եւ օգտագործման մասին տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորությունը, քանի որ անկանխիկ վճարումներ ընդունող եւ համատիրության բանկային հաշվին փոխանցումներ կատարող բանկային կազմակերպությունները համատիրության անդամին այդ նույն համատիրության որեւէ մեկ այլ անդամի կողմից կատարված վճարումների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տալու իրավունք չունեն եւ տեղեկատվություն չեն տրամադրի (այս մասով Նախագծերի սույն փաթեթը հակասում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի տառին եւ ոգուն ): Բացի այդ, պարտադիր վճարների գծով վճարումների կատարման եղանակը (կանխիկ թե անկանխիկ), ըստ էության, կապ չունի համատիրության բյուջեի ձեւավորման եւ օգտագործման թափանցիկության հետ (այս նպատակի իրացման համար օրենքով սահմանված են այլ մեխանիզմներ, օրինակ՝ համատիրության հերթական եւ արտահերթ ժողովների հրավիրման իրավունքը, համատիրության անդամի՝ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու իրավունքը, վերստուգիչ հանձնաժողովի առկայությունը եւ այլն):
3.2 Նախագծերի սույն փաթեթը, կարծում ենք, համեմատաբար ավելի կարեւոր է մեկ այլ՝ շրջանառության մեջ կանխիկ վճարումների ծավալների կրճատման տեսանկյունից, սակայն այս դեպքում եւս որոշ հարցեր են առաջանում՝ կապված տվյալ նախաձեռնության սոցիալական հնարավոր հետեւանքների հետ: Մասնավորապես, կարծում ենք, ակնհայտ է, որ բացի այն, որ անկանխիկ գործառնությունների ծավալների մեծացման տվյալ ճանապարհը (բացառապես պարտադրանքի կիրառումը) լավագույն ճանապարհը չէ, առաջարկվող մոտեցման ընդունման դեպքում սահմանված պարտադիր վճարները կատարելու առումով էական դժվարություններ կառաջանան սոցիալական մի շարք խմբերի համար (ծերեր, հաշմանդամներ, ինտերնետ հասանելիություն եւ համակարգիչ չունեցող աղքատներ եւ այլն), իսկ մյուս կողմից էլ՝ պարտադիր վճարներին կգումարվի նաեւ անկանխիկ վճարումներ կատարելու համար բանկերի կողմից գանձվող կոմիսիոն վճարները՝ արհեստականորեն թանկացնելով համատիրության անդամի պարտադիր վճարը:
Բացի այդ, որպես հնարավոր բացասական հետեւանք, պետք է նշել նաեւ վճարումների կատարման այլընտրանքային հնարավորության վերացումը (ներկայումս համատիրության անդամները կարող են վճարումները կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով), ինչն էլ կարող է բացասաբար ազդել համատիրության բյուջե կատարվող վճարումների հավաքագրման մակարդակի վրա:
3.3 Առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու դրույթները, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժամկետների եւ ընթացակարգերի հաշվառումով, նույնիսկ ամենալավատեսական սցենարների կիրառման դեպքում, Նախագծերի սույն փաթեթը 2019 թվականի դեկտեմբերի 1-ից չի կարող ուժի մեջ մտնել:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՝ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
21.10.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-311-08.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3111 -08.10.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ դրա հեղինակի, «նպատակ ունի համատիրությունների անդամների կողմից պարտադիր վճարների անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով ապահովել ողջ գործընթացի թափանցիկություն, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն:»:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339)
21.10.2019թ.