ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-313-09.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-3131 -09.10.2019-ՏՏԳԲ-011/0)վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Մաթեւոս Ասատրյանի եւ Տաթեւիկ Գասպարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծեր կամ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունների արդյունքում համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը պարտավորվելու է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, եթե պաշտոնավարել է առնվազն մեկ տարի, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում՝ եթե պաշտոնավարել է համապատասխան բյուջետային տարվա սկզբից:

Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծերի հիմնավորումից հասկանալի չէ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկման համար վկայակոչված ժամկետային սահմանափակումները նախատեսելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, եթե Նախագծերի նպատակն է բացառել համայնքի ղեկավարի պատասխանատվությունը՝ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով, այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում վերջինս չի պաշտոնավարել, ապա հիմնավորված չէ, թե ինչու է այդ պատասխանատվությունը բացառվում, եթե, օրինակ, վերջինս պաշտոնավարել է 11 ամիս:Բանն այն է, որ համայնքի ղեկավարը հանդիսանում է համայնքի բյուջեի կատարման պատասխանատուն, եւ բյուջեի կատարողականը չհաստատվելու դեպքում, վերջինիս կողմից հրաժարական տալու միջոցով իր լիազորությունների վաղաժամկետ դադարման հարց բարձրացնելու պարտավորությունն օրենքով նախատեսված որոշակի մեխանիզմ է, որով ապահովվում է համայնքի ղեկավարի պատասխանատվությունը: Դա չի կարող բացառվել առնվազն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնավարել է: Հակառակ մոտեցումը, մեր կարծիքով, կարող է նաեւ հանգեցնել որոշակի չարաշահումների:

2. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման նոր հիմք` հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասին եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասին: Մինչդեռ նշված դրույթները, ըստ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների, վերաբերում են հրաժարականի միջոցով լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, իսկ հրաժարականի միջոցով լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն արդեն իսկ նախատեսված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Ուստի, գտնում ենք, որնշված լրացման անհրաժեշտությունը բացակայում է:

3. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 26-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու կամ այդ մասին արձանագրություն կազմելու հնարավորություն: Մինչդեռ նշված 8-րդ կետը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդված 9-րդ մասին եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասին, իսկ նշված դրույթներով, ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանված փոփոխություններին համապատասխան, նախատեսվում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ավագանու կողմից միայն որոշման ընդունման հնարավորություն: Ուստի, առաջարկում ենք ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում 8-րդ կետով նախատեսված դեպքի համար «կամ կազմում է արձանագրություն» բառերը հանել:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-313-09.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3131 -09.10.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Կարապետյանի, Վ. Ղալումյանի, Մ. Ասատրյանի եւ Տ. Գասպարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը  (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է  « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 9- րդ մասի եւ 35- րդ հոդվածի 8- րդ մասի առաջին պարբերություններում կիրառել   « դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը» եզրույթը , ինչպես նաեւ հրաժարականն ընդունելու համար ավագանու անդամների՝ անհրաժեշտ ձայների շեմը երկու երրորդից իջեցնել մինչեւ պարզ մեծամասնություն : Նախագծով առաջարկվում է ,   որ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը կարող է քննարկվել ,   եթե նա պաշտոնավարել է բյուջեի կատարողականը չընդունվելու դեպքում՝ համապատասխան բյուջետային տարվա սկզբից ,   իսկ բյուջեի նախագիծը չընդունվելու դեպքում՝ առնվազն մեկ տարի :

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, ըստ դրա հեղինակների, կվերացվի « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի » մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններում առկա հակասությունը, ինչպես նաեւ կապահովվի « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններում առկա գործընթացների իրավական հետեւանքը, այն է՝ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ մինչ այժմ վերոնշյալ գործընթացների դեպքում նկարագրված չէր, թե ի՞նչ իրավական հետեւանք է այն ունենալու:

3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Ամենից առաջ հարկ է նշել, որ « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի » մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերությունների միջեւ հակասություն գոյություն չունի, քանի որ դրանցից առաջինը վերաբերում է համայնքի բյուջեի հաստատմանը, իսկ երկրորդը՝ համայնքի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հաստատմանը, իսկ դրանց հաստատումը, ելնելով այդ փաստաթղթերի բնույթից, կարգավորվում են տարբեր մեխանիզմներով (նույն մոտեցումն, ի դեպ, գործում է նաեւ պետական բյուջեի պարագայում, երբ պետբյուջեի հաստատումն իրականացվում է համապատասխան օրենքի ընդունմամբ, իսկ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ ԱԺ որոշման ընդունման միջոցով, պետական բյուջեի ընդունման կապակցությամբ հատուկ սահմանվում է, որ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը, իսկ հաշվետվության հաստատման պարագայում՝ նման ամրագրում չի կատարվում եւ այլն): Այսինքն, բյուջեի հաստատումը եւ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատումը քաղաքական տարբեր «կշիռներ» ունեցող որոշումներ են (եթե առաջինի դեպքում խոսք է գնում առաջիկա տարվա ընթացքում վարվելիք սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ համայնքի (պետության) մյուս գործառույթների ֆինանսավորման առումով քաղաքական ուժերի կողմից վստահություն հայտնելու, ապա տարեկան հաշվետվության դեպքում՝ առկա փաստերի, անցած տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ դրանց ֆինանսավորման առկա վիճակի փաստագրման մասին):

3.2 « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի » մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված նորմը, ըստ որի. «Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:», ոչ թե բյուջեի նախագիծը չընդունվելու իրավական հետեւանքի նկարագրությունն է (ինչն էլ, կարծում ենք, հիմք է տվել Նախագծի հեղինակներին պնդելու, որ առկա է հակասություն բյուջեի հաշվետվության չհաստատման մեխանիզմի հետ), այլ համայնքի ղեկավարի հայեցողական լիազորությունն է՝ դնելու իր վստահության հարցը եւ ձայների ավելի բարձր շեմով ստանալու կամ չստանալու ավագանու քաղաքական աջակցությունը (այստեղ հարկ է նաեւ նկատի ունենալ, որ համայնքի բյուջեն կազմվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից, որն, ըստ էության, համարվում է տվյալ բնագավառում մասնագիտական (պրոֆեսիոնալ) կառույց, իսկ ավագանին, որպես կանոն, օժտված չի լինում նման պրոֆեսիոնալիզմով, ուստի համայնքի բյուջեի հաստատումն ավելի շատ քաղաքական, քան թե մասնագիտական գործընթաց է): Ընդ որում, նշենք նաեւ, որ նույն մոտեցումը կիրառվում է նաեւ պետական բյուջեի հաստատման պարագայում, իսկ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման դեպքում էլ, համայնքների հետ համեմատած, առկա է մեկ այլ տարբերություն. եթե համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության չհաստատումն անխուսափելիորեն հանգեցնում համայնքի ղեկավարի պաշտոնանկության, ապա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության չհաստատումը նման իրավական հետեւանքներ չի առաջացնում: Այսինքն, համայնքային եւ պետական բյուջեների (դրանց կատարման հաշվետվությունների) հաստատման մեխանիզմների նշված համեմատականներն էլ ցույց են տալիս, որ համայնքի ղեկավարին (վարչապետին) անվստահություն հայտնելն ուղղակիորեն կապված չէ համայնքի (պետական) բյուջեի նախագծի կամ դրանց կատարման տարեկան հաշվետվության որակի, կատարման մակարդակի եւ այլ գործոնների հետ:

Համայնքի բյուջեի եւ այդ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման մեխանիզմների վերաբերյալ վերը նկարագրված տարբերության օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից, պաշտոնավարումից մեկ տարի հետո ավագանին ցանկացած, այդ թվում նաեւ՝ բյուջեի հաստատման հետ կապված կարող է անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով, այն էլ ձայների ավելի փոքր շեմով՝ ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Ընդ որում, ավագանու համար սկզբունքորեն այս ընթացակարգով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը համեմատաբար նախընտրելի ճանապարհ է, քան թե բյուջեն չհաստատելով նրան պաշտոնից հեռացնելը, քանի որ առաջին դեպքում ավագանին միաժամանակ ընտրում է նաեւ համայնքի նոր ղեկավարի իր նախընտրած թեկնածուին, իսկ երկրորդ դեպքում՝ առաջանում է համայնքի ղեկավարի նոր ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու անհրաժեշտություն:

3.3 Նախագծերի փաթեթի հեղինակների մտադրության կամ խնդրի դրվածքի տեսանկյունից անհրաժեշտ էր համանման փոփոխություններ եւ լրացումներ նախատեսել նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում (հաշվի առնելով, որ Երեւան քաղաքը նույնպես համայնք է), որի վերաբերյալ նախագիծը սույն փաթեթի կազմում ընդգրկված չէ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

22.10.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-313-09.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3131 -09.10.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Կարապետյանի, Վ. Ղալումյանի, Մ. Ասատրյանի եւ Տ. Գասպարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը  (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է   « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է  « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 9- րդ մասի եւ 35- րդ հոդվածի 8- րդ մասի առաջին պարբերություններում կիրառել « դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը» եզրույթը , ինչպես նաեւ հրաժարականն ընդունելու համար ավագանու անդամների՝ անհրաժեշտ ձայների շեմը երկու երրորդից իջեցնել մինչեւ պարզ մեծամասնություն :Նախագծերի    փաթեթով առաջարկվում է ,   որ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը կարող է քննարկվել եթե նա պաշտոնավարել է բյուջեի կատարողականը չընդունվելու դեպքում՝ համապատասխան բյուջետային տարվա սկզբից ,   իսկ բյուջեի նախագիծը չընդունվելու դեպքում՝ առնվազն մեկ տարի :

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339)

23.10.2019 թ.